
«Այստեղ հեղափոխություն չկա». Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը նմանեցրեց նախորդներին

«Կառավարության մեծ մասն ինձ համար անծանոթ է, դրա համար չէի ցանկանա գնահատականներ տալ, մարդիկ եկել են, կաշխատեն, կհասկանանք՝ դրական կլինի, դրական կասենք, բացասական կլինի, բացասական կասենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա՝ ավելի կարևոր է, թե ինչ ծրագրով է հանդես գալու իշխանությունը, մինչև արտահերթ ընտրություններն ինչ քայլեր է իրականացնելու:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ երիտասարդ և հանրությանն անհայտ անձինք են նշանակվել նախարարների պաշտոններում՝ Ե. Բոզոյանն այսպես պատասխանեց. «ՀՀ-ի վերջին 25-30 տարիների ընթացքում իշխանությունները միշտ ձևավորվել են ընկեր-բարեկամների միջոցով: Մեծ հաշվով՝ այդ խաղի կանոնը չի փոխվել: Մարդը եկել է, իր թիմն է բերել, իր ընկերներին է բերել, որը հայաստանյան ստանդարտների մեջ հասկանալի երևույթ է, այստեղ հեղափոխություն չկա, որովհետև հանրության համար ճիշտ կլիներ, որ նրանք լինեին հանրային գործիչներ, ճանաչված լինեին, աշխատանքի փորձ ունենային և վաստակած լինեին, որ մարդիկ հարգեին ու վստահեին:
Այսօր քանի որ այդ երիտասարդներին ոչ ոք չի ճանաչում, մարդիկ վստահում են վարչապետին և ավանսով վստահում են այդ երիտասարդներին: Բայց դա ճիշտ չէ նորմալ երկրի համար, որովհետև նորմալ երկիրն աննորմալ երկրից տարբերվում է նրանով, որ, երբ մարդը գալիս է իշխանության, ոչ թե ընկերներին ու բարեկամներին է բերում, այլ՝ այն մարդկանց, որոնք հանրության մեջ հայտնիություն ունեն, ու մարդիկ իմանում են՝ ինչ ակնկալիք ունենան այս կամ այն ոլորտից:
Այսօր մարդիկ ոչ մեկին ծանոթ չեն, ու այդ նախարարները բոլորի համար «կինդեր սյուրպրիզներ» են: Պարզապես, քանի որ մարդկանց համար Նիկոլ Փաշինյանը վստահելի է, ասում են՝ ինքը վատ մարդ չէր բերի: Փորձը ցույց է տալիս, որ նույն 1990-ական թվականներին նման մեթոդն իրեն չարդարացրեց, ու շատ մեծ դժգոհություն առաջացրեց»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: