Բաժիններ՝

2.6 մլն դրամ ոչ նպատակային ծախսեր՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում. Ֆինանսների նախարարության բացահայտումը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն անցած տարիներին ՀՀ պետական բյուջեից ավելի շատ գումար է ստացել, քան ծախսել է կոնկրետ նպատակների համար, իսկ «ավելացած» գումարն ուղղվել է ներկայացուցչական ծախսերին։

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից անցած տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ, մասնավորապես, 2013-2014թթ. նախատեսված գումարներից չի ծախսվել «էներգետիկ ծառայություններ» հոդվածով 54.8%-ը, «Ներքին գործուղումներ» հոդվածով` 55.5%-ը, իսկ տնտեսված գումարներից 5 մլն դրամը հոդվածային վերաբաշխումներով ուղղվել է «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածի ավելացմանը, որի հաշվին կատարվել են ոչ նպատակային ծախսեր՝ 2 մլն 665.5 հազար դրամ ծավալով։

Նախարարությունը Նոր տարվա ու Մարտի 8-ի տոների կապակցությամբ գնել և աշխատակիցներին է բաշխել 1 մլն 810.8 հազար դրամի նվերներ, նաև ձեռք է բերել 854.7 հազար դրամի մթերք և տվել ՀՀ Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի թվով 6 համայնքների ղեկավարներին` 170 անապահով ընտանիքներին բաշխելու համար:

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է 2017թ. ՀՀ պետական բյուջեով «Վերապատրաստման ծառայություններ» ծրագրով ավել նախատեսված գումարները նվազեցնել ֆինանսավորումից, նաև «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված գումարները ծախսել խիստ արդյունավետ, թույլ չտալ ոչ նպատակային ծախսեր կատարելու փաստեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս