Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են Սիրիային Իսրայելի հարվածից 23 զոհվածների մասին

Սիրիայում մի շարք օբյեկտների Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել են 23 զինվորականներ ու աշխարհազորայիններ: Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած ականատեսների: Վերջիններիս տվյալներով՝ զոհվածների թվում են սիրիացի հինգ զինվորական եւ Դամասկոսին աջակցող 18 աշխարհազորայիններ: Ընդ որում՝ ստացված տվյալների համաձայն, զոհված աշխարհազորայինների մեջ կան ինչպես Սիրիայի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածը հասցվել է լույս մայիսի 10-ի գիշերը, գրոհին մասնակցել են իսրայելական F-15 եւ F-16 քսանութ ինքնաթիռներ, որոնք արձակել են 60 հրթիռ: Նաեւ Իսրայելի կողմից արձակվել է «երկիր-երկիր» դասի տասը տակտիկական հրթիռ: Իսրայելի օդուժը գրոհել է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա:

Ինչպես հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը, այդ թիրախները պատկանում էին սահմանակից երկրի տարածքում իրանական «Ալ Քուդս» կազմավորումներին: Գրոհի ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, մայրաքաղաքի օդանավակայանում սպառազինության պահեստները, դիտակետեր, ինչպես նաեւ «Ալ Քուդսի» սահմանամերձ այլ դիրքեր ու սպառազինություններ: Իրենց հերթին, սիրիացի զինվորականները հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են տասնյակ իսրայելական հրթիռներ, որոնց մեծ մասը չի հասել նպատակին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս