ԵՄ-ի երկրները Վրաստանի տասնյակ քաղաքացիների են վերադարձրել հայրենիք
Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Վրաստանի քաղաքացիներին հայրենիք են ուղարկել վրացական կողմի հետ ձեւակերպված «Առանց թույլտվության բնակվող անձանց հայրենադարձման մասին» համաձայնագրի հիման վրա: Ավիաչվերթը պլանավորվել էր Վրաստանի ՆԳ նախարարության, Գերմանիայի դաշնային ոստիկանության եւ Եվրոպայի սահմանային ու առափնյա պահպանության գործակալության կոորդինացմամբ: Այդ քաղաքացիներին արտաքսել են Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից եւ Իսլանդիայից, քանի որ նրանք այլեւս չէին բավարարում այդ երկրներում գտնվելու ռեժիմի պահանջներին:
Նախարարությունում նշել են, որ վերը նշված չվերթով հինգ մարդ վերադարձել է իր ցանկությամբ: «Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն շարունակում է գործընկեր երկրների հետ համագործակցել միգրացիայի հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ: Վրաստանի իշխանությունները քանիցս հորդորել են քաղաքացիներին՝ կատարել Եվրամիության երկրներում գտնվելու կանոնները, քանի որ դրանց խախտումը կարող է սպառնալիքի տակ դնել անայցագիր ռեժիմը, հաղորդել է Sputnik-ը: