
Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական տասնյակ ռազմական օբյեկտների

Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծման գրոհել է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, ինչի մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը: Ինչպես ասված է ռազմական ամփոփագրում, այդ թիրախները պատկանում էին սահմանակից երկրի տարածքում իրանական «Ալ Քուդս» կազմավորումներին:
Գրոհի ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, մայրաքաղաքի օդանավակայանում սպառազինության պահեստները, դիտակետեր, ինչպես նաեւ «Ալ Քուդսի» սահմանամերձ այլ դիրքեր ու սպառազինություններ:
Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Քոնրիկուսը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները Սիրիային ավիահարվածներ հասցնելուց առաջ իրազեկել են Ռուսաստանին: Բանակում ընդգծել են, որ Իսրայելը շահագրգռված չէ Իրանի հետ հակամարտության հետագա էսկալացմամբ, եւ Թեհրանին կոչ են արել ձեռնպահ մնալ նոր գրոհներից:
Բեյրութի օդանավակայանում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածներ են հասցրել Լիբանանի օդային տարածությունից: Իրենց հերթին, սիրիացի զինվորականները հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են տասնյակ իսրայելական հրթիռներ, որոնց մեծ մասը չի հասել նպատակին: