Թրամփի որոշման հետևանքները տարածաշրջանում
«Թրամփի այս որոշումը կունենա ոչ միայն տնտեսական, այլև ներքաղաքական և արտաքին քաղաքական հետևանքներ: Միանշանակ Իրանում գլուխ կբարձրացնեն այն արմատական ուժերը, որոնք ի սկզբանե դեմ էին միջուկային գործարքին, սա գլուխ կբարձրացնի Ռուհանիի դեմ կանգնած քաղաքական ուժերին և հասարակության այն հատվածներին, որոնք երկրում բարեփոխումներ, խնդիրների լուծումներ չեն նկատում և հունվարին բողոքի ակցիաներ էին նախաձեռնել:
Բնականաբար, սա կսրի Իրանի և տարածաշրջանում Իրանի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների միջև հարաբերությունները, կսրվի իրադրությունը Սիրիայում, որտեղ Իրանը սկսել էր ինչ-ինչ խնդիրներով, բայց համագործակցել Ռուսաստանի և Թուրքիայի հետ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` միջուկային գործարքից դուրս գալու որոշման հետևանքներին:
Մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Ալի Սալամին, մեր թղթակցի հետ զրույցում ցավով նշել է, որ դրանից կտուժի Իրանի այն դերակատարությունը, որը միջուկային գործարքից հետո այս տարածաշրջանում Իրանը փորձում էր ստանձնել` կայունացնող, խաղաղեցնող:
«Այսինքն` Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգության ներկայիս պայմանները կարող են փոփոխվել, քանի որ Իրանի դերակատարությունը նվազելու է, այդ պատժամիջոցների նպատակը մասամբ նաև սա է: Ըստ իս, արտաքին ազդեցություններից ամենակարևորներից մեկը սա է, որ Իրանը կորցնելու է իր նախկին դերը, որը կարևոր էր մի շարք երկրների ու հակամարտությունների համար, ինչպիսին նաև Հայաստանն է ու ԼՂ հակամարտությունը»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: