Ինչո՞ւ առաջին նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
«Ամենակարևոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին:
Նրա խոսքով՝ սա այնքան մեծ էներգիա է արձակել, որ այն մեծ մնայուն ազդեցություն է ունենալու հայ ժողովրդի ապագայի համար. «Մեր ժողովուրդն այլևս չի հանդուրժի անարդարություն, ընտրակաշառք, օրենքը խախտող պաշտոնյայի»:
Հարցին՝ Ն. Փաշինյանին կհաջողվի՞ պայքարել այս արատավոր երևույթների դեմ, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Ես իմ հույսը և վստահությունը չեմ դնում հայտարարությունների վրա, այլ իմ հույսը կապված է ժողովրդի արթնացած այս ուժի հետ»: Նրա խոսքով՝ բոլորի գործն է՝ այս էներգիան պահպանել:
Խոսելով ՀԱԿ-ի և Ն. Փաշինյանի կառավարության հնարավոր համագործակցության մասին՝ Լ. Զուրաբյանն ասաց. «Մենք նոր ծնված ուժ չենք, 1988 թվականից այս ուժը կա և բավականին մեծ դերակատարություն է ունեցել հայոց պատմության մեջ, ունի իր նպատակները, գաղափարախոսությունը և անելիքները: Մենք դա անելու ենք՝ անկախ նրանից՝ որևէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցությունը կստացվի՞, թե՞ ոչ: Առայժմ նման ոչ մի բան չկա, բայց ինչ տեղավորվում է մեր այս անելիքի մեջ, մենք դա անելու ենք»:
Հարցին՝ ինչո՞ւ առաջին նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին շնորհավորում ենք ընտրվելու կապակցությամբ, նա շատ մեծ գործ արեց ժողովրդի էներգիան արթնացնելու հարցում: Անուրանալի արարք էր դա, դա չի կարելի չգնահատել, բայց ամեն ինչ կախված է նոր հայաստանցիների պահվածքից: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ժողովուրդը հանգստանալու որևէ առիթ չունի, ոչ էլ՝ կան նախադրյալներ»:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ եթե իրենք բոլորով չանցնեին Մարտի 1-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի. «Փաշինյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր թեման դարձավ Մարտի 1-ը: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց նոր Մարտի 1-ով, դա էր հեղափոխության սկիզբը: Այդ պահին ժողովուրդն արթնացավ և ասաց, որ սա մեր արժանապատվությանն անհանդուրժելի հարված էր: Ուզում եմ ասել՝ սա մեր բոլորիս հաղթանակն է: Բա Կոնգրեսը չի՞ արել դա 2008 թվականին, 2011-ին, 2015-ին: Ես բացարձակ չեմ ցանկանում ու վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ դրա հետ կհամաձայնի, ասել՝ սա հաղթեց, նա հաղթեց: Համաձայն եմ՝ վերջին հաղթական հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը»: