«Անցյալի հետ կապված բազմաթիվ հարցեր պատասխաններ են ստանալու». Նիկոլ Փաշինյան

Ինչպես հայտնի է, այսօր գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ երկրորդ փուլով ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, որն առաջին փուլի ընտրության ժամանակ չընտրվեց, քանի որ Հանրապետական խմբակցությունը դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը: Այժմ Ն. Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների 1/3-րդի ստորագրությամբ, և ՀՀԿ-ն էլ խոստացել է, որ աջակցելու է Ն. Փաշինյանի թեկնածությանը:

Ն. Փաշինյանն ասաց, որ որևէ կասկած չկա, որ ՀՀ պատմության համար նոր ու փառապանծ էջ է բացվել, և վերադարձ հնին այլևս չի լինելու: Նա խոսեց ատելության քարոզի մասին՝ նշելով, որ ատելության քարոզն իրենց ոճը չէ, ՀՀ-ում չպետք է տեղ լինի նման երևույթների համար:

Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ Երրորդ Հանրապետությունում անցյալի հետ կապված բազմաթիվ հարցեր պատասխաններ են ստանալու, բայց դրանք լինելու են ազգային համերաշխության մթնոլորտում: Նա նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական հայացքների պատճառով բանտերում են հայտնվել, ազատ են արձակվելու, և Հայաստանը կազատվի «քաղբանտարկյալներ ունեցող երկրի ամոթալի խարանից»:

Տեսանյութեր

Լրահոս