Գագիկ Ծառուկյանը 15 մլրդ դոլար ներդրումը կապահովի միայն իր վարչապետության դեպքում
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի խոստանում, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու դեպքում կկատարի իր նախկին խոստումներից մեկը` Հայաստանի տնտեսությունում կներդնի 15 մլրդ դոլար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն այդ խոստումը կիրականացնի միայն իր վարչապետ դառնալուց հետո: Ըստ նրա` այն ժամանակ իր գործընկերներն արտասահմանից զանգել էին և ասել, որ պատրաստ են 50 մլրդ ներդնել, բայց ինքն ասել է` 15 մլրդ:
«Ես էսօր Հարվարդը, պարզ ա, չեմ ավարտել, բայց հստակ գիտեմ խնդիրը, պրոբլեմը, լուծումը»,- ասաց Գ.Ծառուկյանը` հավելելով, որ պետք է հնարավորություն տալ մարդկանց, ոչ թե անձնական բիզնեսի մեջ ներդնել, ինչպես ինքն ընտրություներից հետո իր բիզնեսում 1.2 մլրդ ներդրել է, բայց ժողովրդի վիճակը փոխելու համար տնտեսությունում պետք է ներդնել:
Սակայն, ինչպես նշեց Գ. Ծառուկյանը, եթե ինքը չի ղեկավարում երկիրը, չի կարող այդքան վստահել ու ներդնել. «Փաշինյանի դեպքում կներդնենք, բայց ոչ այդքան, կախված է նրա ծրագրից»:
«Էդ միլիարդները մնալու են իմ վրա, դրա համար, երբ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը Ծառուկյանը կլինի, այն ժամանակ 5-20 տարի հետո, ես ասեցի, իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ, դա ոչ թե հաճույք է, այլ լիարժեք չարչարանք է»,- ասաց Գ.Ծառուկյանը: