Բաժիններ՝

Աստծո մատնահետքերը

«Բայց հիմա ինչ-որ եմ, պարտական եմ Աստծո շնորհին…» (Ա. Կորնթ. 15:10)

Ինչի՞ վրա է հիմնված մարդու կյանքը, ի՞նչն է մարդուն օգնում ապրել, արարել, ճանաչել, սիրել, հիանալ, ստեղծագործել: Երբ մտորում եմ այս բոլոր հարցերի շուրջ, հաճախ միևնույն պատասխանին եմ հանգում. մարդուն լիարժեք կյանքի համար անհրաժեշտ են շնորհներ: Այն լուսավորը, արարելու պատրաստը, մեզ վեր բարձրացնելու ունակությունը մեր ներսի շնորհն է, որը մեզ պարզապես նվիրվում է: Աշխարհ առաքվելուց առաջ յուրաքանչյուրիս տրվում է շնորհների մի ամբողջ կապոց, որպեսզի մեր գալն իմաստ ունենա, որպեսզի մեր կյանքը ժամանակի վատնում չլինի, որպեսզի աշխարհում մեր ծնունդով ինչ-որ բան փոխվի…

Մարդուն տրված շնորհներն այնքան շատ ու բազմազան են, որ հաճախ դրանց մեծ մասը մնում է չբացահայտված: Դա նաև այն բանի հետևանքն է, որ շատ քչերն են դեպի ներս նայում, ուսումնասիրում իրենց, փորձում ճանաչել իրենց աշխարհը՝ առանց մրցակցության, առանց համեմատվելու այլոց հետ՝ գոհունակությամբ ընդունելով այն փաստը, որ Արարիչը կրկնօրինակներ ստեղծելով չէ, որ զբաղված է:

Նա, ով երբևէ իր ձեռքերով ինչ-որ բան է ստեղծել, կփաստի, որ անհնար է դա կրկնել, անհնար է ստեղծել նույնը, նմանը՝ ինչքան էլ փորձես, ջանաս, ձգտես: Իսկ մենք անընդհատ փորձում ենք նմանվել այլոց, վերցնել ուրիշից, ընդօրինակել ուրիշին, լինել ուրիշը, և երբ դա չի ստացվում, սրտնեղում ենք, ավելի վատ դեպքերում՝ նախանձում: Նախանձը մեր ներսում այնպիսի մեծ անդունդ է ստեղծում, որն անվերջ կուլ է տալիս մեր ունեցած լուսավորը, քամում է մեզ տրված ամբողջ պոտենցիալը, դարձնում անուժ և լիարժեք կյանքով ապրելու անընդունակ: Այս ամենից ազատվելու համար է պետք ճանաչել ունեցած շնորհներն ու կյանքը հիմնել դրանց վրա: Մեզ տրված յուրաքանչյուր օր այդ բացահայտումներն ու ճանաչողական գործընթացն ապրելու համար է, որովհետև միայն ճանաչելով կարող ենք կիրառել, գործողության մեջ դնել և ինչ-որ փոփոխության պատճառ դառնալ:

Մենք ապրում ենք մի մոլորակում, որն ամեն պահ պատմում է Արարչի շնորհների, վեհության, իմաստության մասին: Սա տեսնելը, զգալը, վերապրելը նույնպես շնորհ է, որովհետև մեզնից շատերն անհաղորդ են, կարծրացած ու փակ: Մենք սովորել ենք տեսնել միայն վատն ու բացասականը և ծաղրել նրանց, ովքեր կարողացել են պաշտպանել իրենց սիրտն ու տեսնել բարին, լուսավորը, աստվածայինը:

Գեղեցիկ մայրամուտ տեսնելիս քանի՞ մարդ է վայելում դրա շքեղությունը, քանի՞ մարդ է գլուխը վեր բարձրացնում, որպեսզի հիանա փետրավոր ամպերով, քանի՞սն է հասցնում տեսնել թռչունների խաղը, լսել ծառերի զրույցը և ներշնչվել այս ամենից, ամփոփել ներսում ստեղծելու-ստեղծագործելու լիցքը: Քչերը: Իսկ քանի՞սն են սպասում, որպեսզի մեկը սայթաքի, ու սկսեն նրան քարկոծել, քանի՞սն են խոշորացույցով փնտրում իրենց օրվա քննադատելիքը, որովհետև այլևս չեն կարողանում իրենց լավ զգալ, երբ որևէ ուղղությամբ ցեխ չեն շպրտել, քանի՞սն են մսխում իրենք իրենց, իրենց տրված ժամանակն ու մյուս շնորհները՝ այդպես էլ աշխարհի լույսը չավելացնելով: Շատերը: Բայց սրանից տիեզերական մեխանիզմը չի խոտորվում, որովհետև էլի աշխարհ են գալիս մարդիկ, ովքեր հստակ կրում են Աստծո մատնահետքն ու անում են այն, ինչի համար իրենց ընծայվել են ունեցած շնորհները:

Նման մարդկանց հետ առնչվելիս պարզ է դառնում, որ նրանք անվերջ շնորհակալ են այդ շնորհների համար, իսկ շնորհակալությունը մշտապես բազմապատկում է եղածը. այդպես է կառուցված այս աշխարհը: Շնորհակալ լինելը հավասար է շնորհը կրելուն, իսկ ունեցած կյանքից դժգոհելը պակասեցնում է մեր կյանքում շնորհակալ լինելու առիթները: Տարածված պատկերացումների համաձայն՝ մենք շնորհակալ պիտի լինենք բացառապես լավ ու դրական բաների համար: Սակայն փորձության համար շնորհակալ լինելը հոգու վեհության մասին է վկայում: Ամեն փորձառություն նպաստում է մեր հոգևոր աճին, երբ կարող ենք դրանից ճիշտ հետևությունների հանգել:

Երբ մեր կյանքում որևէ բան է կոտրվում, պետք է նայել, թե ինչ կա բեկորների տակ: Սովորաբար այդտեղ է թաքցված ընծան, նոր շնորհը: Որովհետև շնորհներ մեզ տրվում են ոչ միայն ծնունդից առաջ, այլև կյանքի ընթացքում՝ որպես պարգև սրտաբացության, աշխարհին, հողին, երկնքին, մարդկանց հաղորդակից լինելու, փորձության մեջ հույսի ճրագը չհանգցնելու, նեղության մեջ սեր ու համբերություն ունենալու, աշխարհի լույսը շատացնելու համար:

Մեր կյանքում առավել կարևոր ու իմաստալից որևէ բան չկա, քան բացահայտել Աստծո ընծայած շնորհներն ու դրանք կիրառության մեջ դնել՝ աշխատեցնելով, զարգացնելով, աճեցնելով: Մեր թերությունների ու տկարությունների մեջ իսկական լույս ու օրհնություն են շնորհները, որոնք Աստծո անանց մատնահետքերն են մեր հոգու վրա՝ որպես վկայություն առ այն, որ Նա մշտապես մեր կողքին է, մեզ հետ…

Ա. Պողոսյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս