Ճապոնիայում կանցկացվի թռչող ավտոմեքենայի առաջին փորձարկումը

Ճապոնիայում ավարտել են թռչող ավտոմեքենայի նախատիպի երկրում առաջին լայնընդգրկուն փորձարկումների նախապատրաստությունը: Ինչպես մայիսի 4-ին հայտնել է Sankei թերթը, փորձարկումները մայիսին անվարորդ ավտոմատ ռեժիմով կանցկացվեն Այտիի պրեֆեկտուրայի Տոյոդա քաղաքի փորձարանում, պրեֆեկտուրա, որտեղ տեղակայված են Toyota Motor ավտոմոբիլաշինական հսկայի գործարաններն ու կենտրոնակայանը:

Ավտոմեքենան ունի չորս պտուտակ, որոնք նրան թույլ են տալիս թռչել քվադրոկոպտյորի նման: Ավտոմոբիլային ռեժիմով այն կտեղաշարժվի երեք անիվների վրա: Մեքենայի երկարությունը 3,7 մետր է, բարձրությունը՝ 1,5 մետր: Ենթադրվում է, որ ավտոմեքենան նախատեսված է երկու մարդու համար: Կոնստրուկտորների պլանի համաձայն, մեքենան կկարողանա բարձրանալ մինչեւ 10 մետր եւ թռչել մինչեւ 100 կմ/ժ արագությամբ:

Հրատարակության տվյալներով՝ դրա մշակումն ամբողջութամբ կավարտեն մինչեւ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Վարկածներից մեկի համաձայն, թռչող ավտոմեքենան կմասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, նաեւ քննարկվում է այն տարբերակը, որ հենց թռչող ավտոմեքենայի վարորդկ կվառելի Օլիմպիական կրակը:

Այդ մեքենայի մշակմամբ զբաղվում է Cartivator ընկերությունը՝ ավտոմոբիլաշինական Toyota Motor-ի, NEC-ի եւ այլ խոշոր կորպորացիաների հետ համատեղ: Մշակողները պլանավորում են ավտոմեքենան շուկա հանել մոտավորապես 2025 թվականին:

Սակայն մինչ այդ նրանց անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնք կապված են առաջին հերթին ցամաքային ճանապարհով եւ օդով տեղաշարժման անվտանգության ապահովման հետ: Ճապոնիայի կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել թռչող ավտոմեքենաների կիրառման համար օրենսդրական բազայի մշակմանը, ինչպես նաեւ մտադիր է մասնավոր բիզնեսն ակտիվորեն ներգրավել դրանց ստեղծման գործում:

Այդ մասին մարտին հայտնել է էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է սկզբունքորեն նոր տրանսպորտային միջոցների ստեղծմանը, որոնք մոտ ապագայում թույլ կտան հեշտությամբ տեղաշարժվել ցամաքով, ջրով եւ օդով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս