Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը
Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը սեփական նախաձեռնությամբ ժամանել է Արցախ՝ մայիսի 6–11-ն քայլարշավ իրականացնելու նպատակով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջորջիկ Անջարգոլյանն ասել է, որ իր քայլարշավն իրականացնելու է 125 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:

Նա պատմել է, որ քայլարշավն սկսելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 09:00-ից. այն տևելու է մինչև ժամը 17:00-ը, իսկ հաջորդ օրը շարունակելու է այնտեղից, որտեղ ընդմիջել է:

««Բարի գալուստ, Արցա՛խ» եռալեզու գրությամբ իմ հագին կլինի սպիտակ վերնաշապիկ, իսկ ձեռքիս՝ «Բարի գալուստ, Արցա՛խ» և «Խնդրում եմ, վերադարձեք» խորագրերով պլակատ»,-ասել է Ջ. Անջարգոլյանը:

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ մարդիկ միանան իր քայլարշավին՝ կրելով նույն վերնաշապիկները:

Խոսելով այն մասին, թե ինչու է Արցախում ինքն իրականացնում այդ քայլարշավը Ջ. Անջարգոլյանն ասել է, որ իր նախաձեռնած քայլարշավի նպատակն է, որ զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն առաջացնի Արցախի նկատմամբ, և Արցախում զբոսաշրջությունն էլ ավելի զարգանա:

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ յուրաքանչյուր հայ, անկախ իր ապրելու վայրից, պարտավոր է որևէ ձևով օգտակար լինել Արցախին:

Նշենք, որ ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը 2017 թվականի մայիսի 12–14-ն Արցախում քայլարշավ է իրականացրել՝ 60 կմ երկարությամբ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը:

Տեսանյութեր

Լրահոս