Մերկելը, Մակրոնը և Պորոշենկոն մայիսի 10-ին կարող են հանդիպել Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 10-ին կարող են հանդիպել գերմանական Ախեն քաղաքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը:
Նա ասել է, որ մայիսի 10-ին Ախենում կկայանա Մակրոնին Կարլ Մեծի անվան 2018 թվականի միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Նա դրան արժանացել է «նոր Եվրոպայի տեսլականի, եվրոպական ծրագրի նորացման եւ Եվրոպայի անկախության համար կատարած աշխատանքի համար»: Ինչպես նշել է Ֆիցը, Մերկելը հանձնման ժամանակ հանդես կգա հանդիսավոր ճառով:
Ֆիցը հիշեցրել է, որ արարողության հյուրերի թվում նշվում է Պորոշենկոն, եւ որ Մերկելն ավելի վաղ չի բացառել «միջոցառման շրջանակներում եռակողմ կարճ հանդիպման» անցկացումը:
«Ներկա դրությամբ մենք կարծում ենք, որ նման հանդիպում լինելու է»,- հավելել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ եթե բանակցությունները կայանան, ապա «կողմերը կարծիքներ կփոխանակեն Ուկրաինայի իրադրության շուրջ»: Ընդ որում, ինչպես ավելի վաղ ասել է կանցլերը, դա չի լինի «նորմանդական ձեւաչափ, որովհետեւ այն բաղկացած է չորս մարդուց»: