
Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա:
Մասնավորապես, Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երևան-Աբովյան ավտոճանապարհի երթևեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձել են հեռացնել հիշյալ քաղաքացիներին:
Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, բռնության զուգորդմամբ խոչընդոտել են նույն վայրում հավաքները լուսաբանող և տեսանկարահանում իրականացնող լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը` նրան հեռացնելով այդ տարածքից:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: