
Գրականության 2018 թվականի Նոբելյան մրցանակը չի հանձնվելու

Շվեդիայի ակադեմիան, որը պատասխանատու է գրականության Նոբելյան մրցանակի հանձնման համար, մայիսի 4-ին հայտարարել է այս տարի մրցանակը չհանձնելու եւ արարողությունը 2019 թվական տեղափոխելու իր որոշման մասին:
«Շվեդիայի ակադեմիան այսօր հայտնում է, որ գրականության բնագավառում 2018 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվելու եւ հանձնվելու է 2019 թվականի դափնեկիրների պարգեւատրմանը զուգահեռ»,-ասված է մամուլի համար ակադեմիայի հրապարակված հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը հայտնվել է այն ճգնաժամի ֆոնին, որն ակադեմիայում ծայր էր առել #metoo սեռական ոտնձգությունների մերկացումներից եւ այն խնդրի շուրջ բանավեճերից հետո, թե ինչպես էճգնաժամն ազդել ակադեմիայի վարկի վրա: Անցած շաբաթ Շվեդիայի ակադեմիան հայտարարել էր, որ անհրաժեշտ ամեն ինչ անում է՝ դուրս գալու ստեղծված ճգնաժամից: Այս շաբաթ շվեդական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ճգնաժամի պատճառով գրականության այս տարվա Նոբելյան մրցանակի հանձնումը կարող է հետաձգվել հաջորդ տարի:
Ճգնաժամն սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը 18 կանայք Ստոկհոլմում շատ հայտնի մշակույթի գործչին մեղադրեցին բազմամյա ոտնձգությունների եւ ինտիմ բնույթի հետամտումների մեջ: Քանի որ նրա գործունեությունը առնչվում էր մի շարք կրթաթոշակներ ու դրամաշնորհներ տրամադրող Շվեդիայի ակադեմիայի հետ, նշանակվեց ներքին հետաքննություն, որն անցկացվել է փաստաբանական ֆիրմայի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: