«Վատը գիտեք՝ ինչն ա՞ , որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես էլի մնալու եմ իմ տեղում». Սեյրան Սարոյան

«Կգա վախտը՝ կասեմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքը մայիսի 8-ին քվեարկելու վարչապետի թեկնածությանը:

Նա նկատեց, որ ինքը «Հանրապետական» խմբակցության անդամ է, և խմբակցությունն է որոշում այդ հարցը. «Իսկ անհատական իմ կարծիքը՝ օրը կգա, կասեմ»:

Գեներալ Սեյրան Սարոյանն էլ ասաց. «Հո մենք անհատական չե՞նք ընտրվել, «Հանրապետական» կուսակցությունն ա մեզ առաջադրել, ֆրակցիան ինչ կորոշի, տենց էլ կանենք»։

Խոսելով ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու մասին՝ Ս. Սարոյանն ասաց. «Լավ արեց, էդ իրա խնդիրն էր»:

Լրագրողները գեներալից հետաքրքրվեցին՝ «Հանրապետականի» սխալը ո՞րն էր, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ: Ի պատասխան՝ Ս. Սարոյանն ասաց. «էդքան չեմ կարա ասել, էդ պատմությունը ցույց կտա` ով ինչ սխալ արեց, ինչ չարեց, ինչի համար արեց։ Իմ խիղճը մաքուր ա»:

Հարցին էլ՝ ձեզ ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ եք, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Ես ե՞րբ եմ մթոմ իշխանության հետ եղել, հա էլ ընդդիմադիր եմ եղել, ինչը ժողովրդի խաթրին ա եղել, հելել, ասել եմ։ Պռոստը վատը գիտեք՝ ինչն ա՞ , որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես էլի մնալու եմ իմ տեղում, էդ ա: Ժողովուրդն ինչ որոշի, տենց էլ պիտի լինի: Նիկոլ կլնի, Պողոս կլնի, Սեյրան կլնի, էդ ա, տեսաք՝ ժողովուրդն ինչ ուզենա, կարա անի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս