Քոչարյանն այլևս անհերքելի ապացույց է տվել, որ խառնված է այս պրոցեսներում
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ։
– Պարոն Սաֆարյան, երեկ ԱԺ նիստում հանրապետականները պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանը կորցրել է վստահությունը, և ակնարկներ կային, որ Ռուսաստանը չի ուզում նրան տեսնել վարչապետի պաշտոնում։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Ճիշտն ասած, Հանրապետականն ուղղակի ուզում էր ներկայացնել այն, ինչ ուզում էր՝ լիներ, բայց ինչը չկա։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի համարվել և չի էլ համարվում արևմտամետ հոսանքի քաղաքական գործիչ։ Նա իր դիրքորոշումները շատ հստակ շարադրել է թե՛ նախկինում, թե՛ այժմ։ Եթե անգամ մեղքը գցում են «Ելքի» քվեարկության վրա, ապա իրենք հասկանում են, որ «Ելքի» առնվազն մի քանի որոշումներ լավագույնս ինդիկատորներ են, Նիկոլ Փաշիյանի «ոչ-ոչ»-ի մոտեցումներից մեկը «Ելքի» նախընտրական ծրագիրն էր, որտեղ գրված էր, որ մտնելը ճիշտ է, դուրս գալը՝ սխալ, և երկրորդ՝ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությունն էր, որը ոչ թե դուրս գալու մասին էր, այլ դուրս գալու գործընթացի նպատակահարմարության։
Այսինքն՝ 2 դեպքում էլ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի մոտեցումների ազնվությունը։ Հիմա ի՞նչ է անում Հանրապետականը։ ՀՀԿ-ն ուզում է ընդամենը «տղա բերել» Հայաստանի վրա դրսից՝ Մոսկվայից, փորձում է ամեն ինչ անել՝ պրովոկացիաներ և այլն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցներն ինչ-որ արևմտամետ և հակառուսական քայլեր անեն, և որպեսզի դա կարողանան վաճառել Մոսկվայում, և ասեն՝ տեսեք, այստեղ Մայդան է, հետևաբար՝ եկեք, պաշտպանեք մեզ։ Սա է ամբողջ նպատակը։
Հավատացեք, որևէ լուրջ բան չկա, և ես խորհուրդ կտամ թարգել պետության վրա տղա բերելու, այս վտանգավոր իրավիճակում այլոց ներքաղաքական գործոն դարձնելու այս գործելակերպը։ Ոչ մի սարսափելի բան չկա, հանձնե՛ք իշխանությունը։ Մենք տասնյակ տարիներ ընդդիմության մեջ ենք, մեզ ոչինչ չի եղել, մեզ չեն կերել, ձեզ էլ չեն ուտելու։ Այնպես որ՝ հանգիստ եկեք, սովորեք նաև ընդդիմություն լինել։
– Ամեն դեպքում, Փաշինյանը ռուսների համար որքանո՞վ է վստահելի գործընկեր։
– Ռուսների համար 100 տոկոս վստահելի է լինում, երբ ռուսները 100 տոկոս կոմպրոմատներ են ունենում, երբ ռուսները տարբեր ազդեցության լծակներ են ունենում։ Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի վստահելի լինել, քան Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Հազարավոր խնդիրներ, թելեր կան, որոնցով նրանք կապված են Ռուսաստանին։ Փաշինյանն այդքան թելերի տեղիք չի տալիս, այդքան ճնշումների տեղիք չի տալիս, բայց Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, չեմ կարծում, որ Ռուսաստանի համար սպառնալից կլինի։ Եվ դրա մասին Փաշինյանն այդքան խոսեց վերջին օրերին։
– Ղարաբաղի հետ կապված վտանգ տեսնո՞ւմ եք։
– Ղարաբաղի հետ կապված վտանգ Հայաստանից եկել էր այնքանով, որ Հայաստանը թուլացել և հաճույք էր ստացել, ռիսկերը ճիշտ չէր գնահատել՝ ոչ միայն քաղաքական, այլև պաշտպանական, և մենք կանգնեցինք ապրիլյան պատերազմի առաջ։ Այսինքն՝ բանակը թուլացրեցին, իսկ պատերազմը զսպող գործոններից մեկն ուժեղ բանակն է։ Սա մի բան է, որ Հայաստանից է կախված։ Եթե մենք չենք կարող Իլհամ Ալիևին ծեծել կամ ստիպել, որ անի մեր ցանկալի քայլը, ապա գոնե կարող ենք մի բան անել՝ այնքան հզոր բանակ ունենալ, որի համար Ադրբեջանը կզգուշանա Արցախի ու Հայաստանի վրա հարձակվելուց, և Ադրբեջանի զսպման քաղաքականության մեջ առանցքային դա մեր բանակն է։ Այս առումով ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը փոխած լինի իր նախկին դիրքորոշումները։ բայց դա այդպես չէ: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներն արտաքին քաղաքականության մեջ ու Ղարաբաղյան խնդրով չի տարբերվել ո՛չ իր նախկին, ո՛չ էլ ներկայիս իշխանությունների մոտեցումներից։ Նա հիմք է ընդունելու այն, ինչ կա սեղանին, եթե բանակցություններ լինեն, և շարունակելու է բանակցել այնպես, ինչպես բանակցել է Սերժ Սարգսյանը։
– Հնարավո՞ր է՝ դրսի ինչ-որ ուժեր ցանկանում են իրենց նախընտրելի թեկնածուին տեսնել վարչապետի պաշտոնում, և այդ նպատակով Ղարաբաղը շահարկեն։
– Եթե ժողովուրդը տեղի տա, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կարծում եմ, սա այդ մթնոլորտը չէ, շատ հավաքական, միասնական ոգի է։ Շատ մերժող մթնոլորտ է։ Այն, ինչ հայ ժողովրդին դուր չի գալիս, մերժում է։ Այնպես որ՝ բացառում եմ։ Շահագրգռություններ, իհարկե, կլինեն, բայց հնարավորություններ՝ ոչ։
– Չնայած Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է նրա մասնակցությունն այս ամենին, սակայն օդում կախված լուրերը պնդում են, որ, եթե Ծառուկյանն ու ՀՅԴ-ն միացել են շարժմանը, նրանց հետևում Քոչարյանն է։ Ի՞նչ եք կարծում՝ նա միտք ունի՞ վերադառնալու, կամ հնարավո՞ր է դա։
– Քոչարյանը կփորձի ամեն ինչ անել, ստում է նրա գրասենյակը՝ պնդելով, թե այս գործընթացներում նա չկա։ Այնքան կա, որ նա հասցրեց մեսիջներ փոխանցել նաև Մոսկվային՝ ի դեմս իր մի քանի վայրկյանանոց հարցազրույցի։ Նրա ասածն այն էր, որ՝ ուժ կիրառեք, ի՞նչ է նշանակում սա՝ իշխանությունը հո ճամպրո՞ւկ չէ, որ փոխանցի։ Դա մեսիջ էր Սերժ Սարգսյանին, դա մեսիջ էր Ռուսաստանին, և այլն։ Եվ այս կտրվածքով ինքն այլևս անհերքելի ապացույց է տվել, որ խառնված է այս պրոցեսներում։ Չեմ ասում մյուս արտահոսքերի մասին, որ վկայում են, որ Քոչարյանը շարժերի մեջ է եղել և կա։ Եվ բոլորս հասկանում ենք՝ ինչու։ Որովհետև հսկայական, միլիարդների հասնող կարողությունների մասին է խոսքը, և ուզում են այն պահելու ու բազմապատկելու հնարավորությունները նույնպես պահպանել։ Կխաղա՞ նա «Բարգավաճ Հայաստանով»։ Կարող է։ Կցանկանա՞ Գագիկ Ծառուկյանը թույլ տալ այդ խաղը։ Սա արդեն ինքը պետք է ասի։
– Շատ է մեջբերվում խոսքը, որ հեղափոխությունն անում է մեկը, պտուղները քաղում՝ մյուսը։ Հիմա Փաշինյանը գիտակցո՞ւմ է այս վտանգը, կկանխվի՞ Քոչարյանի բացահայտվելը։
– Ես ոչ միայն այդ առումով, այլև ընդհանրապես պատեհապաշտների, տականքների (ինչպես ձևակերպում է հայտնի ասացվածքը՝ Հեղափոխություն անում են ռոմանտիկները, վայելու տականքները) կողմից հեղափոխության արդյունքները վայելելու առումով ուզում եմ, որ Փաշինյանը սթափ լինի, ուզում եմ, որ չթողնի, որպեսզի այդ խողովակներով ոչ միայն՝ սովորական տարրական կարիերիստները, պատեհապաշտները, կերակրատաշտ փնտրողները փրկության, այսպես ասած, հնարավորություններ չստանան, այլ ուզում եմ, որ այդ խողովակները փակի նաև նախկին «ավանդական տականքների», Քոչարյանի, ստվերային խաղերի համար։ Կրկնեմ՝ չգիտեմ՝ որքանով Գագիկ Ծառուկյանը թույլ կտա Քոչարյանին խաղալ իր խաղաքարտով, բայց ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն այնքան խոհեմ է և ապագայում խոհեմ կգտնվի, որ երիտասարդ թոշակառուներին մեկընդմիշտ կուղարկի թոշակի։