«Այս ցույցերի օրերին հայ-իրանական հարաբերություններում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ». Արմեն Իսրայելյան

Հայաստանյան իրադարձություններին իրանական կողմից որևէ պաշտոնական արձագանք դեռևս չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։

«Փաստացի, Թեհրանը պաշտոնապես դեռ չի արձագանքել։ Իրանի պետական լրատվամիջոցները հենց առաջին օրվանից անդրադառնում են Հայաստանում ծավալվող իրադարձություններին, դրան գումարած՝ նաև BBC-ի և «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունները, որոնք ավելի ընդգրկուն են անդրադառնում։

Իսկ իրանական կայքերը շատ հակիրճ են անդրադառնում, որոշ լրատվամիջոցներ փորձում են կանխատեսումներ անել, թե Արցախի հարցում ինչպիսի զարգացումներ կարող են լինել, Ռուսաստանի, ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Մեկ շաբաթ առաջ ավելի շատ էին քննարկում արտաքին միջամտության հարցը, բայց երբ ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի ներկայացնում, իրենք էլ սկսեցին ավելի հստակ հասկանալ ներհայաստանյան իրադարձությունները»,- նկատեց իրանագետը։

Այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ անհանգստություն էր հայտնում  այն իրավիճակի վերաբերյալ, որ երկիր մտնող բեռնատար, հատկապես՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված։

«Արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք: Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին՝ հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանագետ Արմեն Իսրայելյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս միջադեպերը կարող են պատճառ հանդիսանալ, որ Իրանը փակի Հայաստանի հետ միջպետական սահմանը։ Ի պատասխան՝ նա ասաց, որ դրա վերաբերյալ որևէ արձագանք չկա իրանական կողմից.

«Թե իրանական կողմի մոտ դա ինչ մտահոգություններ կարող է առաջացնել, չեմ կարող ասել, չեմ հանդիպել նման տեղեկատվության»։

Իրանը, ըստ նրա՝ զգուշավոր մոտեցում է փորձում ցուցաբերել.

«Հետաքրքիր է, որ իրանցիները սոցիալական ցանցերում են ակտիվ։ Օրեր առաջ, երբ երթի ժամանակ հայ հոգևորականները շրջում էին, այդ լուսանկարներն ակտիվ տարածվում էին սոցցանցերում։ Այս տարվա սկզբին Իրանում էլ բողոքի ակցիաներ եղան, և սոցիալական ցանցերում շատ են համեմատում Հայաստանում և Իրանում տիրող իրավիճակը, թեև դրանք տարբեր իրողություններ են»։

Հարցին՝ ներհայաստանյան զարգացումները հայ-իրանական հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ.

«Բացասական ազդեցություն չի լինի, որովհետև պատմությունն է ցույց տվել, որ հայ-իրանական հարաբերություններում իշխանափոխությունից հետո կտրուկ փոփոխություններ չեն լինում։ Բայց հենց այս բողոքի ցույցերի օրերին հայ-իրանական հարաբերություններում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. առաջին՝ Իրանի խորհրդարանը հաստատեց Մեղրիում՝ Արաքս գետի վրա, համատեղ հէկ-եր կառուցելու մասին օրենքը, և երկրորդ՝ Իրանի և ԵՏՄ-ի միջև վերջապես ստորագրվեց այդ մի քանի տարի բանակցվող փաստաթուղթը՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ, ինչը ենթադրում է շուրջ 500 ապրանքատեսակների նկատմամբ ցածր տոկոսադրույքներ կիրառելու որոշումը։

Այստեղ նույնպես Հայաստանը՝ որպես ԵՏՄ երկիր, իր մասնակցությունն ունի պայմանագրին։ Կարծում եմ՝ այն ծրագրերը, նախագծերը, որոնք առկա են, մենք կկարողանանք ի վերջո ի կատար ածել։ Այս պահին Իրանն էլ և՛ ներքին, և՛ արտաքին լուրջ մարտահրավերների առաջ է, և տարին դժվար է լինելու, բայց հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, և կկարողանանք բնականոն զարգացնել երկկողմ հարաբերությունները»։

Տեսանյութեր

Լրահոս