«Աշխարհաքաղաքական ներազդեցությունները կարող են գալ, եթե այստեղ լինեն ուժեր, որոնք դուռ բացեն որևէ երկրի համար»

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։

– Պարոն Պողոսյան, ԱԺ հատուկ նիստում ակնարկներ եղան շարժման հանդեպ աշխարհաքաղաքական շահերի մասին։ Ձեր կարծիքով՝ արտաքին ո՞ր ուժերն են ներկայումս հետաքրքրված կամ փորձում են միջամտել։

– Շարժումն իր առաջին օրվանից չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական երանգ և չի ունեցել նման որևէ երանգ մինչև երեկվա, այսպես ասած, ելույթները, նույնիսկ քվեարկությունից հետո ես չեմ տեսնում աշխարհաքաղաքական երանգներ, բայց կա տարբեր ուժերի ցանկություն՝ այդ երանգը մտցնելու, ոչ թե կազմակերպիչների կողմից, այլ՝ այլոց։ Դա ես տեսել եմ։

Փորձում են դրանով ինչ-որ բաներ շահարկել։ Հիմա ձևավորվում է մի դաշտ, երբ աշխարհի տարբեր երկրներն ինչ-որ շահեր ունեն Հայաստանի հետ, որոնք կարող են մեր շահերին ի նպաստ կամ ի դեմ լինել, և բոլորը փորձելու են այս վիճակից օգտվելով՝ իրենց երկրների շահերն առաջ տանել։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ մենք գիտակցո՞ւմ ենք, որ ինքներս պետք է կարողանանք յուրահատուկ ձևով պաշտպանողական իմունիտետը պահենք, որ թույլ չտանք ուրիշներին օգտվել։

Մեր ներսում մի քանի ուժեր փորձեցին այս ամենի մեջ ինչ-որ բաներ տեսնել, օգտվել դրանից։ Երբ հարց են տալիս՝ այս կամ այն մարդն է ողջունե՞լ, կարելի է հարցնել՝ դուք այդ մարդու հետ հանդիպե՞լ եք։ Կամ՝ էդ մարդու տեսակը չեն իմանո՞ւմ իրենք, որ Աֆրիկայում վաղը հեղափոխություն լինի, կրկին ողջունելու է։ Ինչո՞ւ են անուններ նշում, ինչո՞ւ են փորձում սխալ ուղղությամբ տանել։ Ինչո՞ւ են Պուտին բերում ինձ վրա։ Այդ մարդկանց պետք է ասել՝ դուք հիմա դուռ եք բացում, որպեսզի այս րոպեից սկսած այլ երկրներ փորձեն օգտվել, երբ որ դա չի եղել։

– Այսինքն՝ մինչև հիմա Ռուսաստանը չի՞ փորձել միջամտել, ինչո՞ւ են պատվիրակություններ ուղարկում։

– Ռուսաստանը կփորձի միջամտել, երբ Հայաստանից ինչ-որ մեկը կփորձի դուռ բացել դրա համար։ Եվ ինչո՞ւ միայն Ռուսաստանը։ ԱՄՆ-ի համար դուռ բացվի, չի՞ օգտվելու, Թուրքիայի կամ Ադրբեջանի համար դուռ բացվի, չեն օգտվելո՞ւ։ Շատ պարզ է՝ աշխարհաքաղաքական ներազդեցությունները կարող են գալ, եթե այստեղ լինեն ուժեր, որոնք դուռ բացեն որևէ երկրի համար։ Այդ երկրները, այսպես թե այնպես, միշտ փորձում են իրենց սեփական շահերը Հայաստանում տարածել՝ մենք ունե՞նք ճգնաժամ, չունե՞նք ճգնաժամ, բարեկեցությա՞ն, թե՞ աղքատության մեջ ենք ապրելու։

Իրենց ցանկությունը մշտական է ու չի փոխվում։ Մենք մինչև հիմա պահել ենք, որ Հայաստանը չկոչվի աշխարհաքաղաքական շահերի բախման կետ։ Ու դրանից էլ երևաց՝ մեր շարժումը չի ունեցել այդ բաղադրիչը։ Բայց երեկ ես տեսա, որ կա մի փոքրիկ ուժ, որ փորձում է օգտագործել ինչ-որ երկրների շահեր։ Փակե՛ք այդ դռները, պատուհանները, թույլ մի՛ տվեք, մի՛ ասեք բաներ, որ չկան։ Այ, հիմա խնդիրը մեր մեջ է, ոչ թե այդ երկրների ցանկությունների։ Մարդը շատ համբերատար պատասխանում է հարցերի, որոնցից ուրիշները կփրփրեին, ասում, որ արտաքին վեկտորի ռևերանսներ չեն լինելու։ Այդ մարդը նման դռներ չի բացել, ինչո՞ւ են ուրիշները փորձում բացել։

– ՀՀԿ-ականներից Կարեն Բեքարյանն ասաց, թե Փաշինյանը վստահելի չի և դրսի համար վստահելի չի։

– Բեքարյանը, հասկանալի է, որ ասելու է՝ վստահելի չի։ Դա այդ կուսակցության որոշումն է ու Բեքարյանի անձնական կարծիքն է։ Այնքան մարդ, որ հրապարակում են կանգնած, ու ամեն մեկն իր համայնքում, նրանց համար համոզի՞չ է, մի քանի հոգու համար՝ ո՞չ։ Շատ են ասում՝ ընդամենը 100-200 հազար չի՞։ Ո՛չ, 200 հազար չի, շատ ավելի է, որովհետև չեն գումարում այդ պահին Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում և այլուր ոտքի ելած ցուցարարներին ու ճանապարհներ փակողներին։ Թվում է՝ միայն հրապարա՞կն է։ Շատ ավելի շատ է։

Ես առնվազն մի բան գիտեմ՝ այս րոպեի դրությամբ եթե որևէ մեկը ցանկություն ունի մեսիջ ասելու, ունեցել է առիթ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու և ներկայացնելու, իսկ եթե դա չեն արել, այս ձևով ասելն ինձ համար համոզիչ չէ։ Եթե Նիկոլն ասեր՝ ես երեկ խոսել եմ Պուտինի հետ, Բեքարյանը համոզվելո՞ւ էր։ Ի՞նչ է նշանակում՝ համոզիչ չէր։ Իրենք դրել էին քաղաքական խնդիր, որ փորձեն հիմք ապահովել Փաշինյանին դեմ քվեարկելու համար, որի որոշումը կայացրել էին նախօրոք։

– Պարոն Պողոսյան, Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը ճիշտ է, ու գնաց, բայց շարժումը պահանջում է ՀՀԿ-ի հեռանալը։ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո, թեև դեռ գլխավորում է կուսակցությունը, ինչո՞ւ են ՀՀԿ-ականները դիմադրում, այսքան ժամանակ ձգում։

– Իշխանությունը կորցրել են, բայց իրենց թվում է, թե դեռ պահում են։ Բոլոր կողմերն ընդունել են, որ մենք ամեն ինչ անելու ենք այն օրենքով, որ գրված է Հայաստանում, որ և՛ աշխարհի համար, և՛ մեր համար, կո՞ղմ ենք քվեարկել, թե՞ դեմ, այնուամենայնիվ, եթե պրոցեդուրալ բոլոր խնդիրներով հաստատված օրենք է, մենք սրանով ենք շարժվում՝ լինի դա Սահմանադրություն թե քվեարկությունների մեխանիզմ, որպեսզի չասեն՝ անօրինական է։

Շարժումը գնաց այդ ուղիով, որ պահպանի օրինականությունը։ Իսկ դրա համար պետք է հասնել հետևյալ նպատակի՝ օրենքների փոփոխում, ճգնաժամը հաղթահարելու համար ժամանակավոր կառավարության ձևավորում։ Երբ ասում են, որ համաձայն չեն ժամանակավոր կառավարության, ես հասկանում եմ, որ այնտեղ լինելու են տարբեր ուժեր։

Փաշինյանի խոսքում կային գեղեցիկ արտահայտված մեսիջներ, որ անվտանգության համակարգն ինչ-որ չափով ունենալու է նույնություն, արտաքին ոլորտը նույն ձևով է լինելու, այսինքն՝ մեր խնդիրը ոչ թե այդ դաշտերն են, այլ օրենքի փոփոխությունը՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ։

Իսկ ի՞նչ կապ ունեին մնացած անհասկանալի հարցերը՝ առողջապահական, տնտեսական, կրթական ոլորտների հետ կապված։ Այս ամեն ինչի հետ ես դիտարկում եմ հետևյալը՝ քաղաքական ուժերից կային հարցեր, որոնք փորձում էին ապահովություն գտնել իրենց համար, որ ասեին՝ այստեղ կիսում ենք մոտեցումը, դրա համար կողմ ենք քվեարկում, իսկ մյուս ուժը որոշել էր, որ դեմ է քվեարկելու, և այնպիսի հարցեր էր տալիս, որոնց, եթե նույնիսկ ուժեղ պատասխան էր լսում, ասում էր՝ համոզիչ չէր։ Իսկ հիմա իրենք զգո՞ւմ են, թե իրենց հազարավոր պատասխաններն ինչքան համոզիչ չէին ընդդիմության համար։ Իրենք արհամարհում էին, չէ՞, դա։ Եվ հենց դա է գլխավոր դասը։ Իսկ Փաշինյանը 10 անգամ ավելի համոզիչ ու գաղափարային էր պատասխանում։

– Արցախից տեղեկություն ունե՞ք։ Մի կողմն ասում էր՝ զինուժի շարժ կա, մյուս կողմը՝ չկա։

– Անցած 20 տարիների ընթացքում, երբ Հայաստանում կամ Ադրբեջանում պետք է տեղի ունենային ինչ-որ իրադարձություններ, մենք տեսել ենք ինչ-որ տեղաշարժեր՝ մեծ կամ փոքր։ Կան նույնիսկ օրացուցային օրեր, որ պետք է գիտակցել, որ այդ օրերին շարժ լինելու է։

Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ ցանկացած հայկական տոն փորձում է փչացնել։ Օրինակ՝ միշտ ասել ենք, որ ապրիլի 24-ին կրկնակի զգոն պետք է լինենք։ Բացի դա, տեղի են ունենում անսպասելի իրադարձություններ։ Պետք է գիտակցել, որ դա բնական ռեակցիա էր։

Եթե չտեղաշարժեր, դա կլիներ անհասկանալի, կլիներ մեսիջ, թե ի՞նչ են մտածել, գուցե փորձեն օգտվե՞լ։ Մայիսի 9-ին ընդառաջ չէր լինելո՞ւ դա։ Պետք է ցույց տան իրենց զենքը, աշխարհին հիշեցնեն իրենց մասին։ Չէ՞ որ Հայաստանը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, իսկ Ադրբեջանը կորել է։ Այս դեպքերն ավելի մեծ լուսաբանում են ստանում, քան Ադրբեջանում Ֆորմուլա 1-ը։

Ալիևի ինագուրացիան անցավ, ոչ մեկը չնկատեց այս ամենի պատճառով։ Բնականաբար, պետք է փորձեր արձագանքել, անկախ այս դեպքերից, ապրիլի 24-ին, մայիսի 9-ին ընդառաջ՝ ինչ-որ բաներ անելու էին։ Դավիթ Բաբայանը պարբերաբար տեղեկացնում է, որ իրավիճակը վերահսկվում է, արտառոցից շատ չի տարբերվում։ Պետք է զգոն լինենք, բայց պետք չի վախենալ։

Տեսանյութեր

Լրահոս