«Դուք ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք». Արփինե Հովհաննիսյանը՝ «Ելքին»
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ նախապայման է ստեղծում, որպեսզի Հանրապետականի ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ։
Նա կարծիք հայտնեց, որ Փաշինյանը մտահոգ է երկրի համար, և դա իր կողմից երեսպաշտություն չէ։ Թվարկված ճգնաժամերի տեսակներին Ա. Հովհաննիսյանն ավելացրեց «մարդկային հարաբերությունների ճգնաժամ» ձևակերպումը։ Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է նշանակում՝ սիրո ու համերաշխության մթնոլորտ, արդյոք դա տարածվում է միայն շարժման մասնակիցների՞ վրա, չի՞ տարածվում այլ կարծիք ունեցողների վրա։ Ա. Հովհաննիսյանը հարցադրում արեց, թե իրո՞ք համարում են, որ ինքն իր համոզմունքներն ու սկզբունքները պետք է փոխի հայհոյանքների, զանգերի, սպառնալիքների ներքո. «Դուք ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք»։
Որպես դասախոս՝ դիմելով ուսանողներին՝ Ա. Հովհաննիսյանը կոչ արեց լսել, թե ինչի՞ համար ենք առաջ գնալու և ո՞ւր ենք գնալու։
«Անկախ նրանից՝ ես որտեղ կլինեմ՝ էս դահլիճում, դահլիճից դուրս, լսարանում, անկախ նրանից՝ դուք որտեղ կլինեք, մենք իրար աչքերի նայելու խնդիր ենք ունենալու։ Եկեք բաց աչքերով նայենք իրականությանը և հասկանանք, որ զոհասեղանին շատ կարևոր բան է դրված։ Ու եթե ես արտահատելու եմ դիրքորոշում, դա լինելու է իմ սկզբունքներին, դիրքորոշումներին, հավատամքին ու կամքին համահունչ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։