ՀՀԿ-ականները վիճեցին Արարատ Միրզոյանի հետ՝ «Սպառնո՞ւմ ես»
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հանրապետականներին իր օգնությունն առաջարկեց ու հայտարարեց, որ այս պահին Հանրապետության հրապարակում դրված է մեծ էկրան ու հարյուր-հազարավոր քաղաքացիներ նայում են ՀՀԿ-ականներին, նայում են անհատապես ու նայելու են, թե ինչպես է ամեն մեկը քվեարկելու։
«Սպառնո՞ւմ ես»,- ընդդիմադիր պատգամավորին ընդհատեցին ՀՀԿ-ականները։
«Բոլորովին»,- արձագանքեց նա և շարունակեց, որ Մեղրիից մինչև Աշոցք՝ փողոցներում, սրճարաններում, բոլորը նայում են պատգամավորներին և ուզում են, որ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։
Հանրապետականների ռեպլիկներին, թե մի խումբ մարդիկ են, Ա.Միրզոյանը հակադարձեց. «Այ, ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդ չի, մի խումբ մարդ դուք եք մնացել»։ Նա նշեց, որ ոստիկանական ապարատը, մարզպետարանները, ուսանողները, ՀՀԿ-ականների երեխաների ընկերները, հարևանները, բոլորն ուզում են, որ քվեարկեն Փաշինյանի օգտին։
«ՀՀԿ իշխանությունն ավարտվել է, հետագա դիմադրությունը միայն վնասելու է մեր պետությանը, ժողովրդին և հենց ՀՀԿ-ին։ Եթե ձեր համար կարևոր չի այս զինանշանը, այս դրոշը, մտածեք ձեր անհատական որոշման բարոյական, քաղաքական արժեքի մասին։ Հասկացեք՝ չկա այլևս Սերժ Սարգսյանի իշխանություն»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հավելելով, որ, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, 7 օրից է ընտրվելու, իսկ եթե 7 օրից այլ անուն բերեն ու ընտրեն, ընդդիմությունը մերժելու է, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում կեղծիքի ու կաշառքի տեղ չի լինելու, տոտալ բոլոր ընտրատեղամասերը վերահսկվելու են ժողովրդի կողմից։
«Շանս չկա, մենք, միևնույն է, հաղթելու ենք, տակը մնալու է պետությանը ձեր հասցրած վնասը կամ տված օգուտը, տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը պատմության առաջ, շատ անձնական քաղաքական պատասխանատվությունը սերունդների առաջ, շատ անձնական պատասխանատվությունը երեխաների առաջ, ձեր անունները, ոչ թե ՀՀԿ-ի, անձամբ ձեր անունները գրվելու են պատմության մեջ։ Դուք որոշեք՝ գրվելու է այս կողմում, թե այն կողմում»,- ասաց Ա.Միրզոյանը։