Արամ Սարգսյանը կոչ արեց մտածել երկրի մասին. «Արդեն լուծումը, միանշանակ, զենքի դաշտում է մնալու»

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ բոլորի աչքերի մեջ միշտ ուղիղ է նայել ու չի ստել, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանի։

«Մենք խոսում ենք ամեն ինչից, մոռանում ենք էականը, հիմնականը, ամենակարևորը՝ մենք չենք խոսում այսօրվա իրավիճակից, չենք փորձում գտնել ելքեր, մենք պարփակվել ենք էս դահլիճում, ուզում ենք ելք գտնել էս դահլիճում՝ մոռանալով, որ ելք կա նաև փողոցում, որ հարյուր-հազարավոր մարդիկ հավաքվել են փողոցում»,- ասաց Ա.Սարգսյանը։

Ըստ նրա՝ հիմնական հանգուցալուծումն ընտրությունների մեջ է, այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների հետևանք է, ընտրության ժամանակ է, որ մարդը տեսնում է, որ ինքն է իշխանության տերը, հաղթած և պարտված կողմերն ընդունում են, որ իրենք հաղթել և պարտվել են արդար ընտրությունների արդյունքում, և միայն այդ պարագայում է, որ քաղաքական միտքն է զարգանում, աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է.

«Այս խնդրի մասին այսօր պետք է մտածենք։ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունը տալիս է ամենաշատը, հետևաբար՝ ինքն է էն գարանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնի։ Լավ բժիշկ չի, լավ տրանսպորտնիկ չի, լավ գնացքավար չի, բայց ինքը գարանտ է։ Ինքը հանել է էդ ժողովրդին, մտածե՞լ եք էս մասին։ Ուզո՞ւմ եք արդար ընտրություններ, ուզո՞ւմ եք հանգուցալուծվի էս խնդիրը, թե՞ ոչ։ Խոսում ենք աշխարհաքաղաքական բևեռներից, ուղղվածությունից։

Կարդացեք նաև

Գուցե հենց դրա համար է, որ ես Նիկոլ Փաշինյանի կողքին չեմ, բայց խնդիր կա, չէ։ Եկեք ընդունենք, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է։ Եկեք ընդունենք, որ մենք լուրջ կախվածություններ ունենք թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ քվեարկությունների առումով։ Ո՞ր դեպքում է, որ էդ խնդիրները կարողանում ենք լուծել։

Երբ Հայաստանն ինքնիշխան է, ունի ընտրված իշխանություններ։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը՝ դրա վառ օրինակ։ Երբ լեգիտիմ իշխանություն կա, քեզ հարգում են, դու կարող ես քվեարկել այնպես, ինչպես ուզում ես»։

Այսօրվա վերելքը, ըստ Ա.Սարգսյանի, չի կարելի կորցնել։ Նա հարցադրում արեց՝ ժողովրդի ևս մեկ անգամ պարտության դեպքում ԱԺ դահլիճում նստածները քաղաքականությա՞մբ են զբաղվելու, իմաստը ո՞րն է.

«Արդեն լուծումը, միանշանակ, զենքի դաշտում է մնալու։ Մարդը համարում է, որ որևէ քաղաքական պրոցեսով, ներառյալ՝ այսքան մարդ փողոց հավաքելով, հնարավոր չի խնդիր լուծել։ Մարդը գնալու է այլ լուծումների, այդ չարությունն այլ բանալի է գտնելու»։

Ա.Սարգսյանը զարմանք հայտնեց Ն.Փաշինյանի տված պատասխաններից, և շեշտեց, որ Վազգեն Սարգսյանի ծրագիրը ներկայացնելուց հետո որևէ մեկի, այդ թվում՝ իր, ծրագրի ներկայացման ժամանակ այդքան հստակ պատասխաններ, չափված-ձևված չեն եղել, ինչքան Փաշինյանինը. «Շա՛տ ապրեք»։

Ա.Սարգսյանը կոչ արեց, խնդրեց՝ որպես նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի փոքր եղբայր՝ մտածել այս երկրի մասին քվեարկության կոճակը սեղմելուց։

Տեսանյութեր

Լրահոս