«Իրավիճակը վերահսկելի է». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի ակտիվացման մասին

Ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ակտիվացումը, արդյո՞ք սա նախորդ շաբաթ տեղի ունեցած Ալիև-Էրդողան հանդիպման արձագանքն է։

«Ցանկացած հանդիպում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև, կարծես թե, Ադրբեջանի վրա թմրանյութի նման է ազդում, և դրանից անմիջապես հետո կամ մի քանի օր հետո դիմում է նման ապակառուցողական քայլերի։ Բնական է, որ այսպիսի տեղաշարժերը կապ ունեն նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ»,- ի պատասխան՝ ասաց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ այստեղ այլ հանգամանքներ էլ կան։

Նա նկատեց՝ պետք է հաշվի առնել, որ մայիս ամսին Ադրբեջանը միշտ էլ ակտիվանում է.

Կարդացեք նաև

«Եթե մեզ համար Շուշիի ազատագրումը, ՊԲ ստեղծումը, և այլն, մեծ հաղթանակներ են, իրենց համար կորուստներ ու պարտություններ են։ Բացի դրանից՝ այս տարի լրանում է իրենց տարածքային ամենամեծ կորուստների 25-ամյակը, խոսքը վերաբերում է, բացի նախկին Լաչինից՝ մնացած բոլոր շրջանների կորստին։ Եվ, իհարկե, սա էլ է նրանց համար շահարկման թեմա դառնում, և հաշվի են առնում ցանկացած առիթ։ Նրանք ուշի ուշով հետևում են նաև մեր ներքաղաքական զարգացումներին, շատ են ուզում, որ լինեն բախումներ, արյուն թափվի։ Սա անթույլատրելի է, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման բան չլինի»։

Հակառակորդին զսպելու համար, ըստ Բաբայանի՝ պետք է առաջին հերթին՝ Արցախի ՊԲ-ն ու Հայաստանի զինուժը մարտունակ և զգոն լինեն.

«Պետք է նաև հասարակությունը համախմբված և լավատես լինի, միշտ հավատանք մեր սեփական ուժերին։ Միջազգային հանրության հետ պետք է շարունակենք մեր սերտ համագործակցությունը, անվերապահորեն պահպանենք մեր աշխարհաքաղաքական հավասարակշռվածության այդ փիլիսոփայությունը, նույնիսկ, եթե քաղաքական զարգացումներ, փոփոխություններ են տեղի ունենում դրանք չպետք է լինեն աշխարհաքաղաքական բնույթի։ Փառք Աստծո, մեզ հաջողվել է անկախության բոլոր տարիների ընթացքում պահպանել այդ հավասարակշռվածությունը։ Բնական է, որ այս ամենը պահպանելով՝ մենք կկարողանանք չեզոքացնել ցանկացած վտանգ»։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս պահին հատկապես ժողովրդավարական երկրներում արժեհամակարգի արժեզրկում է նկատվում.

«Այդ նույն ժողովրդավարական երկրները չեն ճանաչում Արցախը, բայց համագործակցում են բռնատիրական երկրի՝ Ադրբեջանի հետ, տարբեր միջոցառումներ են այնտեղ անցկացնում»։

Նա նաև նշեց, որ այս պահին իրավիճակը շփման գծում վերահսկելի է, ՊԲ-ն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված բոլոր գործառույթները։

Տեսանյութեր

Լրահոս