«Հանրապետական վերնախավը դեռ շարունակում է «մուկն ու կատու» խաղալ սեփական ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց «Իմ քայլը» շարժման սկիզբը, ընթացքն ու պատճառները։ Ըստ նրա՝ իրենք որևէ անձի դեմ չեն պայքարել ու չեն պայքարելու և «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն ուղղված է Հայաստանում հաստատված համակարգի դեմ։

Ն.Փաշինյանը նշեց, որ Հանրապետական վերնախավը դեռ շարունակում է «մուկն ու կատու» խաղալ սեփական ժողովրդի հետ, և մինչև այս պահն էլ չի հայտարարել, թե քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին, չնայած հասկանում են, որ դա է այս ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը։ Ն.Փաշինյանի խոսքով՝ իրենք իրենց քայլերով ստեղծել են բոլոր հնարավորությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռանալու համար, բայց երկար տարիներ սեփական ժողովրդին շղթաների մեջ պահած այս մարդիկ նման պահվածքը, թերևս, հակված են ընկալել՝ որպես թուլություն։

«Երեկ երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ սկսել են ճնշումներ գործադրել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որևէ կերպ չքվեարկել Հայաստանի վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հայտնի տանդեմը կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ճնշումները, կոմպրոմատները։

Ն.Փաշինյանն արձանագրեց. «Պարոնա՛յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը, և ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի, անցանկալի հետևանքների։ Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, որովեհտև ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով»։

Կարդացեք նաև

Ն.Փաշինյանը դիմեց ՀՀ ժողովրդին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ նշելով, որ հաղթանակն ուզում են գողանալ, կոչ անելով դուրս գալ փողոց ու հեղեղել հանրապետության հրապարակները։ Նա դիմեց նաև սփյուռքի հայրենակիցներին՝ կրկին դուրս գալ փողոց։

Ըստ նրա՝ սա օրհասական պահ է, և դարերի տառապանքով անցած ժողովուրդը չի կարող տանուլ տալ իր հաղթանակն ու ապագան։

Ն.Փաշինյանը դիմեց ԱԺ բոլոր պատգամավորներին.

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ ձեր ազատագրման ժամն է»։ Նրա խոսքով՝ շատ պատգամավորների հետ լեզվակռվի մեջ են եղել, բարիկադների տարբեր կողմերում, սակայն այսօր լուծվում է ոչ թե անձնական հարց, այլ հայ ժողովրդի ապագայի հարցը, ՀՀ և ԼՂՀ հաղթական ապագայի հարցը։

«Հայ ժողովրդի հաղթանակին ձեր նպաստը բերելու համար ձեզնից չի պահանջվում բացարձակապես ոչ մի զոհողություն, ձեզնից պահանջվում է ընդամենը կողմ քվեարկել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուին և սրանով, ի վերջո, քանդել այն օտարվածության պատնեշը, որ, ցավոք, գոյություն ունի ձեր ու ժողովրդի միջև»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնաթող պաշտոնյաների սպառնալիքները չեն կարող որևէ նշանակություն ունենալ։

Ն.Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ կրկին շեշտելով, որ այն կտրուկ փոփոխությունների չի ենթարկվելու, շարունակվելու է համագործակցությունը բոլոր ուղղություններով. «Համաժողովրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում»։

Տեսանյութեր

Լրահոս