
17 տարի համագործակցությունից հետո Կլոպը վիճել է իր օգնականի հետ, և վերջինս հեռացել է

Յուրգեն Կլոպի մշտական օգնական Ժելկո Բուվաչը լքել է «Լիվերպուլի» մարզչական շտաբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Ռոմայի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Բուվաչը հեռացել է աշխատանքից մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ պատճառներն անձնական են: Կլոպը հույս ունի, որ հանգիստը կօգնի իր օգնականին վերադառնալ աշնանը:
Բայց, ինչպես Daily Record-ին հաղորդել է «Լիվերպուլի» աղբյուրը, վերջին ժամանակներում Բուվաչի և Կլոպի միջև հարաբերությունները վատացել էին: Մարզիչները չէին շփվում միմյանց հետ հանդիպումների ժամանակ, և 56-ամյա բոսնիացուն չի թույլատրվել մասնակցել մարտավարական մարզումներին:
Կլոպը և Բուվաչը միասին աշխատում էին 2001 թվականից: Նրանք 7 տարի համագործակցել են «Մայնցում» (2001-2008) և նույնքան էլ «Բորուսիայում» (2008-2015): Ավելի վաղ Յուրգենը և Ժելկոն միասին հանդես են եկել «Մայնցի» կազմում:
Կլոպը Բուվաչին անվանում էր իրենց դուետի ուղեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը