Տարբեր կուսակցություններից, տարբեր կառույցներից և աշխարհագրական տարբեր կենտրոններից Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դառնալ վարչապետի թեկնածու
«Ես ասել եմ՝ սա ժողովրդի հաղթանակն է, և մենք այսօր պետք է ընդունենք ժողովրդի որոշումը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ից եղե՞լ են վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկներ։ «Տարբեր կուսակցություններից, տարբեր կառույցներից և աշխարհագրական տարբեր կենտրոններից եղել են։ Ես հարգում եմ իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը»,-ի պատասխան ասաց Ծառուկյանը։
Հարցին՝ ինքն ամենաշատ բացականեր ունեցող պատգամավորն է, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ իր ընտրվելուց հետո ամեն ինչ օրինական դաշտում է լինելու, չի՞ վախենում, որ իրեն կարող են մանդատից զրկել, Ծառուկյանն այսպես պատասխանեց.
«Աղջիկ ջան, իմ բացակայությունը ոչ թե հաճույքի համար ես իմ համար ման եմ գալիս, այլ եթե գնաք ԱԺ, բոլոր փաստաթղթերը ձեզ կներկայացնեն։ Ծառուկյանը ոչ թե անգործությունից չի գալիս խորհրդարան, այլ համապատասխան բոլոր փաստաթղթերը կան։ ԱԺ դիմեք՝ թող ներկայացնեն»։
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ միշտ էլ պատրաստ են եղել արտահերթ ընտրությունների, առավել ևս՝ հիմա. «Ուզում ա վաղը դնեն՝ մենք խնդիր չունենք։ Այսօր ժողովուրդն զգացել է, որ ժողովրդի ձայնը կարևոր է, միասնականությունը հաղթում է, ինքն ում հետ հույս կկապի, նրան էլ թող ձայն տա»։
Ինչ վերաբերում է այսօրվա քվեարկությանը, նա ասաց, որ խորհրդակցել են, մեծամասնությունն ինչպես որոշել է՝ այդպես էլ անելու են։