Ե՞րբ է ժողովուրդը լավ ապրելու
Այս հարցը երեկ Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Կոնկրետ ինձ համար ամենաանսպասելի հարցը սա էր, որովհետև Գագիկ Մելիքյանն ու իր թիմակիցները միշտ նեղվում էին այս հարցից։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ պատգամավորներ երեկվա հանդիպումն ինձ հիշեցրեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որտեղ Փաշինյանը պատասխանում էր՝ արդեն որպես փաստացի վարչապետ, իսկ ՀՀԿ-ն՝ որպես ընդդիմություն։ Փաշինյանի պատասխանները կշռադատված էին, զուսպ ու զգուշավոր, որովհետև նրա կողմից արտասանված յուրաքանչյուր խոսք արդեն ընկալվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշում։ Իսկ ՀՀԿ-ն փայլեց՝ որպես ընդդիմություն՝ սուր ու երբեմն սադրող հարցերով։
Սակայն սրանք դետալներ են։ Գլխավորը, որ ինձ համար ֆիքսեցի, Փաշինյանի կողմից հարցին հարցով չպատասխանելն էր, կծող հարցերին մեղադրանքներով չպատասխանելը։ Օրինակ՝ «Ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու» հարցին Փաշինյանը չպատասխանեց՝ իսկ ձեր օրոք ինչո՞ւ լավ չէր ապրում, այդ հարցը ինքներդ ձեզ ինչո՞ւ չեք տալիս։ Կամ նույն՝ ԵԱՏՄ-ի մասով՝ չէր ասում՝ ինչպե՞ս ստացվեց, որ մինչև 2013 թվականը գնում էինք Եվրամիություն, իսկ հետո միանգամից փոխեցինք ուղղությունը։
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը չէր ասում՝ դուք ամեն ինչ փչացրել եք… Հակառակը, նա մի քանի անգամ շեշտեց, որ պետք է գնահատել ներկա իրողությունները և քայլերն անել ըստ այդմ։
Սա, իրականում, շատ կարևոր դրույթ է՝ պատկերացնելու համար, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ընդդիմությունն ինչպես է պատկերացնում այն ճանապարհը, որը պետք է երկիրը տանի դեպի զարգացում։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն այս կապակցությամբ շատ դիպուկ գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում։ «Նման իրավիճակներում զարգացումը կանգնեցող առաջնային գործոնը ռևանշիզմն է։ Զարգացնող մարդը սկսում է աշխատել այն կետից, որն իրեն հանձնել են, թեկուզև հանձնողը իր հակառակորդն է։ Սուտ են այն խոսակցությունները, թե ժառանգվում է «փլատակների եզրին հասցված Հայաստան»։
Հայաստանն իրոք իր նման երկրներից կիլոմետրերով առաջ է։ Եվ այս մարաթոնում պետք չի ետ վազել՝ իբր թե ավելի արագ թափ հավաքելու համար։ Հայաստանի զարգացման լիքը ուղիներ կան այսօրվա կետից։ Դրանց արդյունավետությունը ցա՞ծր էր՝ ցածր էր։ Կարելի՞ է ավելի արդյունավետ աշխատել՝ կարելի է։ Կարելի՞ է բազմապատկել եղածը՝ կարելի է։
Սակայն մինչ այսօրվա արածները զրոյացնելու դեպքում, բազմապատիկի մեծությունն օգուտ չի տա», – գրել է Ա. Խուրշուդյանը՝ ավելացնելով, որ սա ուժեղ հոգեբանության մասին է, սա այն մասին է, որ հայտարարես, որ առաջ ես գնալու, ոչ թե ապագադ կառուցես միայն հնին մեղադրելով։
Բերենք մի օրինակ՝ կուտակային կենսաթոշակային համակարգը։ Դրա պարտադիր բաղադրիչը պետք է ուժի մեջ մտնի արդեն այս տարվա հուլիսի 1-ից։ Չնայած օբյեկտիվ դժգոհություններին, այս համակարգը լուրջ անհրաժեշտություն է Հայաստանում արժանապատիվ կենսաթոշակի խնդիրը լուծելու համար։ Ավելին, այն նաև «երկար փողեր» կարող է ապահովել տնտեսության համար։ Այս բարեփոխմանը խոչընդոտող գլխավոր գործոնը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, վստահության ցածր մակարդակն էր իշխանության նկատմամբ։
«Թավշյա հեղափոխությունից» հետո, բնականաբար, վստահության մակարդակն աննախադեպ բարձր է լինելու։ Այսինքն, ոչ թե պետք է, Աշոտ Խուրշուդյանի ասած, ռևանշիզմին տրվել և ԿԲ-ի ղեկավարության նկատմամբ անձնական հակակրանք ունեցող մարդկանց լսելով՝ դադարեցնել այս ռեֆորմը, այլ հակառակը՝ ճիշտ պահն է այն կյանքի կոչելու համար։
Սա միակ բանը չէ։ Չնայած դժվարություններին և բացթողումներին՝ ՀՀ կառավարությունը ստեղծել է որոշակի համակարգեր, որոնք կարելի է շատ ավելի արդյունավետ աշխատեցնել՝ էլեկտրոնային գնումների համակարգ, և այլն։ Շատ հարցերում հեծանիվ հորինելու կարիք չկա։ Հրաժարվել արդեն իսկ ստեղծված համակարգերից և գործիքներից՝ պարզապես անիմաստ է, անգամ՝ սխալ։ Այն մոտեցումը, թե ամեն ինչ պետք է հիմքից քանդել և նորից սարքել, գեղեցիկ է հնչում, սակայն կարող է դառնալ դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհը։
Եվս մի կարևոր նկատառում։ Պետության կառավարումը խաղուպար չէ և որոշակի հմտություններ է պահանջում։ Այո, անցնցում հեղափոխությունը կարող է մեծ փողեր բերել Հայաստան։ Սակայն այդ հոսքերը կառավարել է պետք։
Փորձը ցույց է տվել, որ փողի մեծ հոսքը կարող է ոչ պակաս լուրջ խնդիրներ ստեղծել, քան փողի պակասը։ Հարկաբյուջետային քաղաքականությունը լուրջ գիտելիքներ ու փորձ է պահանջում, և որքան էլ դեմ լինենք ՀՀԿ-ին՝ այդ ուժի «տակ» գործող Ֆինանսների նախարարությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ։ Հասկանալի է, որ կադրային ջարդ անելն անմտություն է։
Սակայն, օրինակ, վերջին 1-2 տարիներին Ֆինանսների նախարարությունում լուրջ աշխատանքներ տարած թիմի ղեկավարին փոխարինելը կարող է ջուրը գցել կատարված հսկայական աշխատանքը։
Այսինքն, ՀՀԿ անդամ պրոֆեսիոնալ կադրերից հրաժարվելն այս պահին նույնպես սխալ է։
Կարևոր է նաև կուլակաթափության գայթակղությունից խուսափելը։ Ոմանց թվում է, թե վաղը կամ մյուս օրը նոր իշխանությունը պետք է դաժան հաշվեհարդար տեսնի օլիգարխների հետ՝ խլելով նրանց ունեցվածքը, փակելով բիզնեսները և բանտարկելով նրանց։ Դա կարող է փլուզել ամբողջ տնտեսությունը և կոտրած տաշտակի առաջ կանգնեցնել բյուջեի կատարումը։
Լավն այն է, որ Փաշինյանը կարծես ամբողջ խորությամբ գիտակցում է այս ամենը, չի տալիս էքսցենտրիկ խոստումներ, կատեգորիկ չէ և չի բացառում, որ իր կառավարության կազմում տեղ կգտնեն մարդիկ նաև ՀՀԿ-ի թիմից։ Սա այն դեպքն է, երբ կուսակցական պատկանելությունը չպետք է հաշվի առնվի, և պետք է մոբիլիզացվի պրոֆեսիոնալ ամբողջ ներուժը։ Հասկանալի է, որ կառավարության կազմը բաղկացած է լինելու քաղաքական պայմանավորվածություններից, սակայն տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից՝ թանկ է յուրաքանչյուր ինտելեկտուալը։
Առավելևս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամանակավոր բնույթ է ունենալու, նրա գլխավոր խնդիրն Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Այս կարճ ժամանակահատվածում անհնար է արագ փոխել տնտեսական քաղաքականության տրամաբանությունը։ Այս ընթացքում ամենակարևորը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն է։
Վերադառնալով երեկվա հարցուպատասխանին՝ կրկին հիշենք, Գագիկ Մելիքյանը թվեր էր հնչեցնում՝ նշելով, որ այս իրադարձությունների յուրաքանչյուր օրը Հայաստանի տնտեսությունը ետ է գցում 1 ամսով։ Ստացվում է՝ Հայաստանի տնտեսությունն այս շարժման պատճառով արդեն 1-2 տարի ետ է ընկել։ Սա, իհարկե, աբսուրդ է։
Այո, տնտեսավարողների համար որոշ տեխնիկական դժվարություններ են առաջացել, անորոշություններ, որոնք հետաձել են որոշ ծրագրերի իրականացումը։ Սակայն մյուս կողմից՝ սպասումները միանգամայն դրական են, և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման դեպքում՝ տնտեսության համար աննկարագրելի դրական էֆեկտ է ապահովելու։
Դրան էլ գումարենք, որ այս օրերին Հայաստանի մասին խոսում է ամբողջ աշխարհը՝ դրական համատեքստում, ինչը մեծացրել է հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Պատկերացրեք զբոսաշրջիկին, որը տեսնում է, թե հեղափոխություն անող ժողովուրդը ոչ թե ապակի է կոտրում ու մեքենա վառում, այլ հրապարակում քոչարի պարում։ Ի՞նչ եք կարծում՝ նա կցանկանա՞ անձամբ զգալ այդ երկրի շունչը, թե՞ ոչ։
Այնպես որ, «ե՞րբ է ժողովուրդը լավ ապրելու» հարցին կարելի է շատ կարճ պատասխանել՝ շատ շուտով։ Եթե նոր իշխանությունը չշեղվի իր նպատակներից և ճիշտ ուղղությամբ շարժվի առաջ։