105 կգ հերոինի գործը նոր երանգներ է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա նոյեմբերին Մեղրիի մաքսային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերել էին 105 կգ հերոին տեսակի թմրանյութ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, եւ Ֆ.Օզդեմիրիի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձակել է դատավճիռ՝ դատապարտելով 14 տարվա ազատազրկման:

Հետաքրքիրն այն է, որ որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված հերոինը պահել ԱԱԾ-ում՝ քննչական վարչության իրեղեն ապացույցների պահման սենյակում: Բանն այն է, որ ԱԱԾ քննչական վարչությունում այս գործից անջատված մասով շարունակվում է նախաքննությունը:

Ուստի հիմա հերոինը՝ որպես իրեղեն ապացույց, կցվել է շարունակվող քրգործին: Թե քրգործից անջատված մասը ե՞րբ կգնա դատարան, կամ կգնա՞, թե՞ ոչ, ի՞նչ ճակատագրի կարժանանա 105 կգ հերոինը, դժվար է ասել: Նշենք, որ հերոինի 1 գրամի գինը տատանվում է 100 դոլարի սահմաններում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս