«Կխնդրեի ՀՀԿ-ին, անձամբ Սերժ Սարգսյանի օրինակով քաղաքական որոշում կայացնի և բաց հայտարարի, որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին». Պարգև Օհանյան

Նախկին դատավոր Պարգև Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեց Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին:

Պարգև Օհանյանը հույս է հայտնում, որ ստեղծված իրերի ընտրությունն իրեն, ինչպես նաև բոլորին հույս է տալիս մտածելու, որ իշխանությունը՝ ի դեմս իշխող կուսակցության, իր շախմատային պարտիայում կամ կհանձնվի, կամ հաշտություն կկնքի: Ի դեմս կոնսենսուսի, որն արդեն Նիկոլ Փաշինյանի հետ միասին որոշելիք մանրամասներ են, չի խորացնի ճգնաժամը, այդ թվում՝ ինչպես քաղաքական, այդպես էլ՝ իրավական և սահմանադրական.

«Եթե վաղն ինչ-ինչ պատճառներով վարչապետի ընտրություններ տեղի չունենան, ապա հաջորդ 7 օրերի ընթացքում հաջորդ ընտրությունը պետք է կազմակերպվի, ինչը, բնականաբար, շատ մեծ վնասներ կպատճառի և՛ պետության զարգացման բնականոն ընթացքին, և՛ տնտեսությանը, և՛ ժողովրդին, և՛ ազգային անվտանգությանը, և՛ արտաքին հարաբերություններին, և այլն: Ես հույս ունեմ, որ ՀՀԿ-ն, ինչպես հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, չի խոչընդոտի վաղը կայանալիք վարչապետի ընտրության պրոցեսին:

Ես չեմ սիրում հորդորներով հանդես գալ, որովհետև դրանում պարտության նախատրամադրվածություն եմ տեսնում, փոխարենը՝ կխնդրեի ՀՀԿ-ին, իր ղեկավար կազմով, անձամբ Սերժ Սարգսյանի օրինակով քաղաքական որոշում կայացնի և բաց հայտարարի, որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Այսպիսով կհաղթի պետությունն ու ժողովուրդը, մեր իմացած բարոյական իմաստով կհաղթեն նույնիսկ հանրապետականները, որովհետև իրենց ճիշտ կպահեն:

Կարդացեք նաև

Այսպիսի վարքագծով հանրապետականները չեն արժանանա ժողովրդի հերթական քամահրանքին ու ատելությանը, հակառակ դեպքում, ինչը ես բացարձակ չէի ցանկանա, կստեղծվի մի անկառավարելի ընթացք: Ի դեպ, առաջիկա քվեարկությունը տեղի է ունենալու անվանական սկզբունքով, իսկ նման պարագայում ՀՀԿ-ն ժողովրդի, իսկ ավելի կոնկրետ՝ նրա երիտասարդ զանգվածի ձեռքից պարզապես չի պրծնի: Ի վերջո, այստեղ հայի և թուրքի պատերազմ չէ, այլ լավ հնարավորություն՝ ապացուցելու մեր միասնական կամքը՝ ի սպաս և ի բարօրություն մեր երկրի և պետության շահի»:

Թե երբ կարող է հանրապետության շարքային քաղաքացին քաղել վերջին օրերի իր պայքարի շոշափելի արդյունքը, Պարգև Օհանյանը պարզաբանում է իրավական հարթությունից՝ մինիմում երկու ամսից.

«Եթե վաղը, լավագույն դեպքում, և տա Աստված՝ այդպես էլ լինի, վարչապետի պաշտոնի համար նախատեսված ընտրությունն ընթանա բարեհաջող, և Հանրապետության վարչապետ ընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա հաջորդիվ 20 օրվա ընթացքում նա պետք է ներկայացնի իր քաղաքական ծրագիրը, որն էլ հաջորդիվ 7 օրերին կհաստատվի: Իսկ եթե ըստ Փաշինյանի սցենարի չհաստատվի, ապա Ազգային ժողովը կարձակվի:

Ուրեմն, վաղվանից սկսյալ՝ առաջիկա 27 օրերի ընթացքում Ազգային ժողովը պետք է արձակվի, որից հետո, համաձայն Սահմանադրության՝ 35-45 օրերի ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպվեն: Արդյունքում, 2-2,5 ամիս հետո մենք կունենանք նոր ընտրություններ, նոր խորհրդարան և նոր երկիր»:

Տեսանյութեր

Լրահոս