Ինչու են Ռուսաստան-Հայաստան փոխայցերն ակտիվացել այս օրերին

Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության և հայաստանյան ներքաղաքական դրամատիկ զարգացումների վերաբերյալ: Թավշյա հեղափոխության առաջին օրերին ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական հանրությունը նշանակություն չէր տալիս Հայաստանում Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

Ավելին «168 Ժամի» հետ զրույցում հայ-ռուսական հարաբերությունների վերլուծությամբ զբաղվող ռուսաստանյան հեղինակավոր վերլուծաբաններ Վադիմ Դուբնովը, Մոդեստ Կոլերովը, Ֆյոդոր Լուկիանովն ու այլք անլուրջ էին որակում Փաշինյանի սկսած արշավը՝ նրան մեղադրելով անազնվության, մանր ներքաղաքական ինտրիգներ հրահրելու կամ համակարգի մասը կազմելու մեջ:  Այս փուլում ՌԴ պաշտոնական մեկնաբանությունները գրեթե բացակայում էին:

Ուշագրավ էր ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի   ֆեյսբուքյան  գրառումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան գրել էր. «Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել էր իրավիճակին, նշելով, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին ու հույս ունեն, որ կողմերը կարող են առաջիկայում փոխհամաձայնության գալ:

«Ասվածին այլ բան չունեմ ավելացնելու: Ինչպես նախկինում, հիմա էլ մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, ու հույս ունենք, որ մեր հայ ընկերները կարող են կարգավորել այս իրավիճակն ու առաջիկայում փոխզիջումային որոշում կայացնել: Մենք շատ ուշադիր կերպով շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,- ասել էր  ՌԴ նախագահի խոսնակը:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հավասարակշռված գնահատականներն անակնկալ էին հայկական փորձագիտական հանրության և հասարակության համար, քանի որ ռուսական կողմը ջղաձգությամբ է վերաբերվում իր գործընկեր երկրներում խոսակցություններին՝  թավշյա և գունավոր հեղափոխությունների մասին, դա համարելով արևմտյան ծրագիր Ռուսաստանի դեմ:

Ռուսական կողմի չեզոքությունը փոխվեց Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ապրիլի 25-ին Մոսկվա մեկնեցին ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:

Նալբանդյանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, բանակցություններ էր վարել իր ռուս պաշտոնակցի հետ, իսկ Գևորգյանը հանդիպումներ էր ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ Մոսկվա այցելած Հայաստանի ներկայացուցիչների հետ շփումը կենտրոնացած էր եղել Հայաստանում ստեղծված ճգնաժամը հնարավորինս արագ, սահմանադրական ճանապարհով լուծելու անհրաժեշտության վրա:

Այս այցերից հետո հայտնի դարձավ, որ ապրիլի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հեռախոսով քննարկել է հանրապետությունում ճգնաժամային իրավիճակի կարգավորման հարցը: Հեռախոսազրույցի ընթացքում «ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում՝ գործող Սահմանադրության շրջանակներում և 2017-ին անցկացված լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»:

Բացի այդ, նշվում է, որ կողմերը կարևորել են մայիսի 1-ին նշանակված՝ խորհրդարանի կողմից անցկացվող՝ հանրապետության վարչապետի ընտրությունը:  Հեռախոսազրույցը բավական լայն քննադատության արժանացավ մամուլում և  հասարակության շրջանում, քանի որ դիտարկվեց՝ որպես միջամտություն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին:

Հեռախոսազրույցից ժամեր անց Երևան ժամանեցին  ռուս մի խումբ պատգամավորներ` ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն այս անգամ ասաց, որ Պուտինի հեռախոսազանգը Կարապետյանին՝ դիտարկել, որպես աջակցություն Կարապետյանի վարչապետությանը՝ մոլորություն է: Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում ՌԴ նախագահը:

«Նա, ըստ էության, օրինական, սահմանադրական ընթացակարգերի մասին է խոսում, և՝ ոչ ավելին: Կարծում եմ` այս փուլում, երբ իրավիճակն իսկապես բավականին վտանգավոր մասշտաբների է հասնում, այս հեռախոսազանգը համարել անակնկալ կամ տարօրինակ դրսևորում պետք չէ, քանի որ ակնհայտորեն վերջին երկու տասնօրյակի ընթացքում ՌԴ ղեկավարությունը փորձել է հնարավորինս զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք նման արձագանք կունենան հայ հասարակության շրջանում՝ հասկանալով, որ այս գործընթացներում ներգրավված են ոչ թե՝ մի քանի տասնյակ, այլ՝ մի քանի հարյուր հազար հայաստանցի:

Այս օրերին ևս մեկ անգամ եմ ասել, որ Ռուսաստանը ֆավորիտ թեկնածուներ չունի, Ռուսաստանի համար տարիներ պահանջվեցին՝ հասկանալու համար, որ գործընկեր երկրներում Ռուսաստանին պետք են ոչ միայն գործող իշխանությունները, այլև ժողովուրդը, ընդդիմությունը և հասարակության համար բոլոր կողմերը: Այս գիտակցման նշույլներն անգամ չկային ուկրաինական «Մայդանի» ժամանակ, երբ Ռուսաստանը շատ սխալներ թույլ տվեց:

Մոսկվայի այս դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ռուսական կողմը գիտի, որ Հայաստանի համար միակ հուսալի անվտանգության ոլորտի գործընկերն է, անվտանգության երաշխավորը, որը  երաշխիք է, որ ցանկացած իշխանություն ստիպված է լինելու աշխատել Ռուսաստանի հետ: Հակառակ պարագան լի է վտանգներով Հայաստանի համար»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:

Նա նաև բացատրեց, թե ինչու են փոխայցերն ակտիվացել այս օրերին:

«Տեղեկություններ կան շփման գծում իրավիճակի փոփոխության մասին, հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը ենթադրում է, որ կողմերը պետք է նման իրավիճակներում տեղեկատվության ակտիվ փոխանակմամբ զբաղվեն, ներկայացնեն իրավիճակը, դրա վտանգները, փորձեն միմյանց օգնությամբ ելքեր գտնել:

Այս կոնտեքստում պետք է դիտարկել ռուս խորհրդարանականների այցը Հայաստան, նրանք կփորձեն հասկանալ իրավիճակը ներսից՝ փորձելով աջակցել խաղաղ երկխոսությանը»,- ասաց Լուկիանովը:

Ռուս քաղաքագետը հիշեց, որ տարիներ շարունակ մի խումբ քաղաքագետներ ՌԴ իշխանություններին խորհուրդ էին տալիս հետսովետական երկրներում աշխատել ոչ միայն իշխանության, այլ ողջ քաղաքական սպեկտրի հետ: Այսօր, նրա խոսքով, դրա նշույլները նկատվում են:

Գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» քաղաքագիտական ակումբի անդամ Ալեքսանդր Ռարը նշեց, որ իսկապես ռուսական կողմը լուրջ դասեր է քաղել ուկրաինական ճգնաժամից: Նրա խոսքով, Ռուսաստանը հասկացավ, որ չի կարելի սեփականատիրական զգացումներով վերաբերվել գործընկերներին:

«Մի բան է, որ դա այդպես է, և այդ կողմը դա չի թաքցնում, մեկ այլ` երբ թաքցնում է: Կարծում եմ` Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ անհանգստացած չէ հայաստանյան զարգացումներով, որ իր համար միևնույն է, թե ով է գալու իշխանության: Իհարկե միևնույն չէ, որքան էլ Ռուսաստանն անփոխարինելի գործընկեր է Հայաստանի համար: Գուցե գան գործիչներ, որոնք 180 աստիճանով փոխեն Հայաստանի զարգացման վեկտորը  դեպի Արևմուտք, չնայած Արևմուտքը երբեք անվտանգության երաշխիքներ չի տա Հայաստանին:

Ռուսական անվտանգության երաշխիքներից հայաստանյան հասարակության մի ստվար հատված այդքան էլ գոհ չէ: Կարծում եմ` Ռուսաստանն անհանգստանում է, փորձում է  տեղյակ լինել զարգացումներից, որպեսզի անակնկալի չգա, ինչպես Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:

Ցանկանում է լինել թեմայի մեջ շփումներով, զանգերով և այցերով: Բայց Ռուսաստանը ցանկանում է նաև ցույց տալ հայ հասարակությանը, որ ոչ մի դեպքում չի միջամտելու ներհայաստանյան զարգացումներին: Կարծում եմ` պաշտոնական հռետորաբանությունը չի փոխվել և չի փոխվի, այն կմնա չեզոք, որքան էլ Ռուսաստանին ավելի ձեռնտու լինի աշխատել այս կամ  այն գործչի հետ, Ռուսաստանը կգտնի եղանակ աշխատելու նաև այն գործչի հետ, ով առանձնապես կապված չէ Ռուսաստանի հետ: Տվյալ դեպքում Փաշինյանը հայտարարում է, որ  իր իշխանության օրոք կպահպանվի ըստ էության ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, որը Մոսկվայի «սրտով» է: Գուցե կան այլ նրբություններ՝ այս կամ այն գործչի հետ կապված, որը Ռուսաստանը կցանկանար արտահայտել, բայց ելնելով անցյալի դասերից՝ չի անի՝ հասարակությանն իր դեմ դուրս չբերելու նպատակով»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս