«Ճիշտ երկխոսությունն այն է, որ մարդն այստեղ իր տեսակետը ասի, ոչ թե՝ Պուտինի խոսքով փորձի ինձ վրա ներազդել»

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։

– Պարոն Պողոսյան,Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների երկրորդ փորձը տապալվեց։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ տապալվեցին, և ո՞րն է ելքը։

– Հավանաբար, ինչ-որ գործընթացներ գնում են, որ տապալվեցին բանակցությունները։ Կանխատեսելի էր, որ այսպես է լինելու՝ հաշվի առնելով, որ նույն «բանակցություններ» բառն ասելու ժամանակ պետք է հասկանանք, որ դա դժվար ճիշտ ֆորմատ է մամուլի ներկայությամբ։ Բայց առնվազն ինձ թվում էր, որ ամեն ինչ արժանի կլիներ նրան, որ գային, ճիշտ խոսքեր ասեին։

Թող վերածվեր քաղաքական դեբատի, երկու կողմերն իրենց տեսակետները ներկայացնեին, քանի որ հասկանալի է, որ այդքան լրագրողներ լինելով՝ կարող էին հարցեր տալ, առաջին փորձի վրա կարելի էր դասեր քաղել, այնքան, որ երկու կողմն էլ հասկանան, որ այսօրվա դրությամբ ճգնաժամից ելքը կարող է երկխոսելը լինել։ Այնուամենայնիվ, ունենք այս վիճակը։ Իրականում ինձ թվում է՝ պետք է գիտակցել, որ ժամանակն է եկել փոփոխությունների, որոնք այն է, ինչ հանրությունն է պահանջում։ Շատ ուրախ կլինեմ, որ այդ ճանապարհի մասին կարողանայինք խոսել։

Օրինակ՝ միջազգային հարաբերություններում շատ ժամանակ երկրների ղեկավարները նույն սենյակում չեն բանակցում, այլ իրար հետ հաղորդակցվում են, իրենց տեսակետներն արտահայտում։

Միգուցե կարող է նման ֆորմատ ընտրվել, և հայտարարությունների միջոցով ունակ լինեն միմյանց տեղեկություն հայտնելու։ Բայց պետք է հասկանանք, որ մայիսի 1-ին պետք է հանգուցալուծումն ունենանք, և այդ հանգուցալուծումը պետք է միտված լինի Հայաստանի շահերն առաջ տանելուն։ Եվ այն բոլոր դրականը, ինչին հասել ենք մինչ այսօր, պետք է ամրագրվի ու շարունակվի։

– Բայց Կարեն Կարապետյանի մերժումը կարծես կտրուկ է, ի՞նչ է նշանակում դա։

– Չգիտեմ, ճիշտ կլինի այդ հարցն իրեն տալ, թե ինչու է կտրուկ մերժում։ Որովհետև եթե դա, այսպես ասած, անձնական պատվի խնդրի հարց է, պետք է գիտակցենք, որ այստեղ պետական շահերն ավելի բարձր են, քան ցանկացած անձնականը։ Եթե դա ավելի լուրջ հիմքեր ունի, ավելի լավ է դրա մասին բանակցել, կամ հանրությանը ներկայացնել։

Մի կողմը հանրության հետ իր կոմունիկացիան պահում է հրապարակում, սոցիալական ցանցերում, ասուլիսների միջոցով, մյուս կողմի դիրքորոշումն այս կամ այն երկրի նախագահի հետ խոսքերից ենք հասկանում։ Ինձ չի թվում, թե դա ճիշտ է։ Կարծում եմ՝ ճիշտ է, որ հայերը Հայաստանի ներսում բնակչության հետ հենց իրենք խոսեն, ոչ թե երրորդ երկրի դիվանագետի կամ նախագահի խոսքով ինչ-որ բան փոխանցեն։

– Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցն ի՞նչ ազդեցություն է ունեցել այս զարգացումների վրա։

– Չեմ կարող ասել, բայց կրկնեմ՝ ճիշտ երկխոսությունն այն է, որ մարդն այստեղ իր տեսակետը ասի, ոչ թե՝ Պուտինի խոսքով փորձի ինձ վրա ներազդել։

– Իսկ հնարավո՞ր է, որ Ռուսաստանի նախագահն ինչ-որ կերպ միջամտում է Հայաստանի ներքին գործընթացներին, աջակցում է Կարապետյանին։

– Ինչի՞ մասին է խոսքը, Ռուսաստանի նախագա՞հն է Հայաստանում ընտրում վարչապետ, թե՞ ՀՀ քաղաքացին։ Դա շատ վատ է, մեր ժողովուրդը պետք է զգա, որ ինքն է ընտրողը, այլ պարագայում, եթե երրորդ երկրների ղեկավարներն են այստեղ ընտրելու ղեկավարություն, այդ ժամանակ մենք պետք է մտածենք, թե ինչ է այդ քաղաքական ուժի մեսիջը բնակչությանը։

Ի՞նչ են ուզում դրանով ասել։ Որ այս երկիրն արժանապատվություն չունի՞, բնակչությունն այլևս որևէ կապ չունի՞, իշխանությունը ժողովրդինը չի՞, և այլն։ Խնդիրը հետևյալն է՝ եթե համարում եք, որ 200 հազարի վանկարկումը քիչ է, տվեք 500 հազարի վանկարկում։

– Իսկ մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ քաղաքական ուժերն իրենց ինչպե՞ս կդրսևորեն։ Կարծես աջակցություն հայտնել են, բայց ձայների առումով ի՞նչ պատկեր կլինի։

– Կարելի է միայն հույս հայտնել, որ, Աստծո օժանդակությամբ, այն լուծումը, որ այնտեղ կգտնվի, կնպաստի ՀՀ ապագա ճիշտ զարգացմանն ու աշխարհում Հայաստանի իմիջի ամրագրմանն ու բարձրացմանը։ Ապրիլի 24-ին լիակատար հույսով ու ակնկալիքներով էինք լցված։ Այժմ պետք է ամեն ինչ անել, որ այդ հույսն ու ակնկալիքները կյանքի կոչենք։

Տեսանյութեր

Լրահոս