«Իրադրության սահմանադրական լուծումը պետք է լինի ժողովրդավարության կենտրոնում՝ Ազգային ժողովում». Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս օրերին փորձում է լայն սպեկտրով հանդիպումներ ունենալ՝ ոչ միայն ԱԺ նեղ շրջանակում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ա.Սարգսյանը՝ պայմանական այդ սպեկտրն անվանելով «ձախից աջ»։
Ըստ նրա՝ իրադրության սահմանադրական լուծումը պետք է լինի ժողովրդավարության կենտրոնում՝ Ազգային ժողովում։ Հենց ԱԺ-ում հանգուցալուծման համար Ա.Սարգսյանն իր խնդիրն է համարում հասկանալ բոլոր տարբերությունները և գտնել ոսկե միջինը, ընդհանուր կոնսենսուս։ Նա շեշտեց, որ խոսքը միայն Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ հանրության տարբեր շրջանակների. «Երկխոսությունը շատ ավելի լայն է, մեր հասարակության երկխոսությունն է»։
Ա.Սարգսյանի կարծիքով՝ գործընթացները ճիշտ ընթացքով են ընթանում, քննարկումները պետք է տեղափոխվեն Ազգային ժողով, լինի քվեարկություն, և լինի այն որոշումը, որ կընդունի խորհրդարանը։ Այս ընթացքում, ըստ Ա.Սարգսյանի, պետական կառույցը պետք է ամուր մնա. «Հայաստանի նման երկիրը չի կարող իրեն թույլ տալ, որ շրջապատված լինելով այն խնդիրներով, որի մասին մենք շատ լավ գիտենք, Արցախը, շրջապատված լինելով անցանկալի հետևանքներով, պատերազմական գործողություններով, նաև ներքին կառույցը չաշխատի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ոստիկանությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը՝ որպես կառույց, փլուզվի, որովհետև ուսանողը դրսում է»։
ՀՀ նախագահը կոչ արեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես՝ պետական ծառայողները, կատարեն իրենց պարտականությունները. «Չենք կարող երկիրը կանգնեցնել մի քանի օր, մի քանի շաբաթ, որպեսզի լուծում գտնենք։ Երկիրն իր նորմալ ընթացքով պետք է շարունակի»։
Ըստ նրա՝ բոլոր զարգացած երկրներում որևէ ընտրությունների ժամանակ պետական ծառայողն իր կարծիքն արտահայտում է՝ որպես ընտրող, ընտրական արկղի առջև, իսկ եթե պետական ծառայողները որոշեն, որ լքում են իրենց պաշտոնը, ոստիկանը որոշի, որ չի պաշտպանելու կարգուկանոնը, կփլուզվի ամբողջ համակարգը։
Ա.Սարգսյանը, նշելով, որ յուրաքանչյուր պետական ծառայող իրավունք ունի իր կարծիքն ունենալու, կոչ արեց անել այնպես, որ ամբողջ պետական ապարատը՝ բանակից մինչև համալսարան և դպրոց, ի վերջո, 1 օր վերադառնան իրենց նորմալ աշխատանքին, անկախ նրանից, թե ինչ արդյունք է լինելու. «Հույս ունեմ և վստահ եմ, որ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության գոնե մեծ մասին, որովհետև դա է իրականում ժողովրդավարության իմաստը»։