«Դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին». Արարատ Միրզոյանը՝ ԱԺ բոլոր ուժերին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր:

«Ես ուզում եմ իմանաք, որ երեկ և այսօր ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր: Պողոսը հանդիպում է Մարտիրոսին, իրար հետ պաշտոններ են պայմանավորվում, ուզում են հանդիպել մեզ ու մեզ հետ քննարկել պաշտոնները: Մի՞թե նրանց հասկանալի չէ՝ մեր ուզածն ինչ է: Մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, պաշտոններ բաժանել, մարդկանց մարդկանցով փոխել, մենք ուզում ենք փոխել համակարգը, մենք ուզում ենք փոխել ձեզ հետ միասին խաղի կանոնները, հասարակական հարաբերություննեը, արժեքները: Սիրելի ժողովուրդ, մի գրամ չկասկածեք, մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք այս ժողովրդին գլխին: Մենք ձեր գործիքն են, մենք ձեր ծառան ենք և մենք մնալու ենք այդպիսին»,- հայտարարեց Ա. Միրզոյանը:

Նա ուղերձ հնչեցրեց ՀՀԿ-ին և ԱԺ մյուս ուժերին. «Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք, դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Միանշանակ է, որ այլ դրսևորումը կլինի ձեր խայտառակությունը: Որևէ այլ գործարք, քվեարկության արդյունք, որը կլինի մայիսի 1-ին, կլինի ոչ լեգիտիմ: ՀՀ ժողովուրդը դա չի ընդունելու: Ավելին, սա շատ հստակ է, ես ուզում եմ բոլորը հրապարակում, տներում, կուսակցություններում, ԱԺ-ում շատ հստակ հասկանան՝ բացի Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին քվեարկելուց՝ այլ քայլը կհարվածի հայկական պետականությանը, և դա կլինի պետական դավաճանություն: Հայոց պետականությունը, հայկական համակարգը հնարավոր է փրկել այս պահին մի ձևով. Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս