
Ազնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ

Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը լավացել է, ապրիլի 26-ին նա Փարիզ է ժամանել Ռուսաստանում նշանակված համերգների չեղարկումից հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտիստի ներկայացուցիչները:
Ապրիլի 25-ին Ազնավուրին, որի 94-ամյակը կլրանա մայիսին, անբավարար ինքնազգացողության պատճառով հիվանդանոց են տեղափոխել Պետերբուրգում համերգի փորձի վայրից: Նրա համերգը հետաձգվել է 2019 թվականի ապրիլ: Բացի այդ, չեղյալ է հայտարարվել արտիստի ապրիլի 28-ի ելույթը Կրեմլի պալատի բեմում, ինչի մասին հաղորդվում է հարթակի պաշտոնական կայքում:
«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը նորմալացել է: Բռնվել էր նրա մեջքը, բայց այժմ նա իրեն լավ է զգում»,-ասել է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ արտիստն արդեն ժամանել է Փարիզ:
Պատասխանելով այն հարցին, թե երգիչը հիվանդանոց պառկելու է արդյոք Փարիզում, Ազնավուրի ներկայացուցչն ասել է. «Դրա անհրաժեշտությունը չկա»: