
ՄԱԿ-ում Սիրիայի ենթակառուցվածքի վերականգնման ծախսերը գնահատել են ոչ պակաս քան 200-300 մլրդ դոլար

Սիրիայում պատերազմի հետեւանքով ավերված ենթակառուցվածքի վերականգնումը կպահանջի առնվազն 200-300 մլրդ դոլար: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այդ մասին ապրիլի 24-ին Ժեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Ջեյկոբ Քեռնը։
«Վերակառուցումը պետք է հսկայական լինի: Մենք խոսում ենք այն մասին, որ դրա համար 200-300 մլրդ դոլար կպահանջվի, եւ դա, ըստ երեւույթին, ամենաքիչն է»,-ասել է նա: Քեռնը հիշեցրել է, որ պահանջվում է վերականգնել շենքերը, գործարանները, էլեկտրահաղորդման գծերը, ենթակառուցվածքը:
«Սա հումանիտար ճգնաժամ է, եւ բոլորը, ովքեր խիղճ ունեն, կօգնեն սիրիացիներին»,-նշել է Քեռնը, պատասխանելով այն հարցին, թե ով է վճարելու վերակառուցման համար, հաշվի առնելով այն, որ մի շարք երկրներ, որոնք բացասաբար են տրամադրված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, չեն ցանկանում դա անել: Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի հակամարտությունը «սիրիացիների հակամարտությունը» չէ: Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ այս երկրում ներկա են գլոբալ եւ տարածաշրջանային տերությունների զորքեր: Ապրիլի 24-ին Բրյուսելում ընթանում է Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովը:
Ավելի քան 85 երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով ժամանել են եվրոպական մայրաքաղաք, որպեսզի միջոցներ հանգանակեն Սիրիայի բնակչությանը եւ փախստականներին օգնելու համար, ինչպես նաեւ քննարկելու Սիրիայի վերջին իրադարձությունները եւ այս երկրում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի վիճակը: