«Միակ ճանապարհը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծումներ գտնելն է». Էդվարդ Նալբանդյան
«Երեկ դեսպանների հետ էլ էի խոսում, ասում էին՝ ո՞ր մի երկրում նախագահին կասեն՝ դու արի այստեղ՝ հանդիպելու, և նա կգնար, կամ վարչապետին։ Չեմ կարծում, թե նման երկիր կա։ Բայց հանրապետության նախագահն այցելեց Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, որը ցանկանում էր բոլորի դիմաց հանդիպել, հասկանում եք՝ ինչ պատճառներով, և որի ընթացքում պայմանավորվածություն եղավ, որ իհարկե, պետք է արձագանքել այն կոչերին, որ պետք է գնալ երկխոսության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նկատելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տեղն ու ժամն էլ որոշեց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց դուք հասկանո՞ւմ եք, որ մամուլի ներկայությամբ որևէ երկխոսություն չի լինում։ Կարելի է հանդիպումից հետո յուրաքանչյուրը մամուլի միջոցով հաղորդագրություն տարածի։ Իհարկե, ոչ ոք դեմ չէ՝ մամուլին հրավիրել և՛ սկզբում, և՛ վերջում, բայց միգուցե ավելի օգտակար և արդյունավետ կլիներ, եթե իսկապես հանդիպում լիներ, լուրջ զրույց լիներ։ Բայց ուլտիմատում էր ներկայացված, և մերժվեց այդ երկխոսության առաջարկը»,- ասաց Նալբանդյանը։
ԱԳ նախարարը նշեց, որ տապալված բանակցություններից հետո էլ ՀՀ նախագահ Սարգսյանը և ԱԺ նախագահ Բաբլոյանն իրենց հայտարարություններում նորից խոսեցին երկխոսության մասին. «Արձագանքելով դրանց՝ միջազգային կառույցները նորից խոսում են երկխոսության մասին։ Իհարկե, միակ ճանապարհը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծումներ գտնելն է, բայց այստեղ պետք է լինի փոխադարձ բարի կամք, փոխադարձ ցանկություններ»։