«Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում». Կարեն Կարապետյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:

«Իհարկե, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի կոշտ քայլեր են ձեռնարկել, ես դա չեմ ողջունում: Բայց ես, անպայման, ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ. այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով:

Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է մատնանշենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այս նյարդային, սթրեսային վիճակում ինքը չի բացառում, որ հնարավոր է՝ եղել են խախտումներ, չարաշահումներ:

«Մենք պե՞տք է դրա հետևից գնանք՝ այո, բայց այնքան համբերատար, որքան հայ ոստիկանն է եղել այս օրերի ընթացքում: Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, կամայական այլ երկրում, որի օրինակը Ձեզ համար կարող է ոգևորիչ լինել, կարող եք չհանդիպել այսքան հանդուրժող ոստիկան, երբ դիմացը կանգնած՝ ինչ ասես ասում են, թքում են, արժանապատվությանն են կպչում:

Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդեր ունեն և իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք եթե վաղը, մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզանից շուտ:

Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս