Էդմոն Մարուքյանը վստահ է, որ կա երրորդ ճանապարհ. նա կոչ է անում գնալ փոխզիջումների
«Շատ ծանր վիճակ է հիմա, լարված իրավիճակ է երկրում, և այն քաոսային արագությամբ զարգանում է»,- 1in.am-ի հետ զրույցում այսօր ասել է «Ելք» խմբակցության «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Է. Մարուքյանի խոսքով՝ լարված իրավիճակը զարգանում է բոլոր առումներով՝ և՛ համաժողովրդական շարժման, և՛ իշխանական կողմից. «Տեսնում ենք՝ ինչ ուժեր են բերվում, տարվում, հետո քաղաքացիական անձինք են գալիս-գնում: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ էր: Եթե մեզ հիմա կոչ են անում, ասում են՝ եկեք երկխոսության պլատֆորմ ստեղծենք, և այլն, բայց խնդիրն այն է, որ մարդիկ հավատ չունեն: Երբ ես ասում էի՝ Սերժ Սարգսյան, մենք գիտենք, որ դուք ոչինչ չեք փոխելու, Սերժ Սարգսյանը դրանից հետո մեծ արագությամբ նշանակեց բոլոր նույն նախարարներին: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը, ի՞նչ երկխոսեն: Հիմա իրավիճակն այսպիսին է, Սերժ Սարգսյանը բոլորին ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, ու ասում է՝ եկեք երկխոսենք, որի մեջ չկա բովանդակություն, թե ինչի՞ մասին պետք է երկխոսեն: Այն, որ իրավիճակը կատաստրոֆիկ լարված է, դա միանշանակ է: Դա բոլորս գիտենք, մյուս կողմից՝ կողմերն էլ ի՞նչ են անում, որ այդ իրավիճակը չսրվի: Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հրաժարական չեմ տալիս, եկեք երկխոսենք, որ անդառնալի հետևանքներ չլինեն: Մեր շատ սիրելի գործընկեր Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, նրա հետ երկխոսելու ոչինչ չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ որևէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում ու շարժվում են առաջ: Ու ունենք մի իրավիճակ, որ ծայրահեղ լարված է»:
Է. Մարուքյանը բողոքեց, որ ՔՊ-ի իրենց գործընկերները զանգում են, իրենց ասում են՝ «հասեք Էջմիածին, Շմայսը փակել է Էջմիածնի ճանապարհը». «Այ ցավդ տանեմ, այ գլխիդ ղուրբան, մենք չենք կարա հասնենք Էջմիածին, որովհետև չենք կարող Երևանից դուրս գալ: Մենք բաժիններ չենք կարողանում գնալ, ես այսօր չեմ կարողացել գնալ ոստիկանության բաժին: Այսօր երիտասարդները փողոցը փակել էին, ասում եմ՝ սիրելի երիտասարդներ, ինձ ճանաչո՞ւմ եք, ասում են՝ հա, պարոն Մարուքյան, ասում եմ՝ թողեք գնանք բաժիններ՝ մարդկանց իրավունքները պաշտպանենք, բռնություն չլինի, ասում են՝ գոնե մի հատ սիգնալ տվեք: Այսինքն՝ մենք հասարակությունը բաժանել ենք երկու մասի՝ ով սինգալ չի տալիս, տականք է, ով տալիս է՝ լավ տղա է: Այսպես ո՞ւր ենք գնում: Սրա մեջ որևէ լավ բան ես չեմ տեսնում: Մենք հպարտ ենք, այո, սա զարթոնք է, երիտասարդները ոտքի են կանգնել, ոչ ոք չէր սպասում, բայց եթե երկու կողմերն էլ անզիջում շարունակեցին, շատ մեծ խնդիրներ ենք մենք ունենալու»:
Նա վստահ է՝ պետք է փնտրել լուծումներ, երրորդ ճանապարհ կա. «Ես դեռ շատ շուտ եմ խոսել դրա մասին, հիմա ավելի ուժեղ այն կարող է լինել: «Բարգավաճ Հայաստանի» մեծ մասը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ ընդդիմադիր ուժ չեն կարող համարվել: Եթե իրենք օֆիցիալ դեմ դիրքորորշում չեն ունեցել, ընդդիմադիր ուժ չեն կարող համարվել երկրում: Եթե չեն կարող համարվել, Հրայր Թովմասյանը պետք է գա՝ ասի՝ Սահմանադրությամբ 30 տոկոս ընդդիմություն պետք է լինի խորհրդարանում: Հիմա, Սերժ Սարգսյան, ո՞ւր է 30 տոկոս ընդդիմությունը խորհրդարանում: Ինչո՞ւ կա ճգնաժամ, որովհետև սաղ կեղծ է: Որ 30 տոկոս ընդդիմություն լիներ, լծակներ ունենար, խնդիրներ լուծեր, կարո՞ղ է երկրում նման վիճակ լիներ: Ես վստահ եմ, որ կա երրորդ ճանապարհ»:
Է. Մարուքյանի խոսքով՝ ատելության մթնոլորտ է ձևավորվել. «Նիկոլ Փաշինյան ջան, բա ի՞նչ եղավ բաց ձեռների պայքարը, ո՞ւր է այդ ատելության ոչ քարոզը, բա էս ի՞նչ է կատարվում երկրում, ինչո՞ւ են մարդիկ մտածում, որ ով սիգնալ է տալիս, լավն է, ով չի տալիս, տականք է»:
Նա հայտարարեց, որ իրենք դեմ են այս սև ու սպիտակ բաժանմանը, որը, նրա խոսքով, տանում է արյունահեղության:
«Կա երրորդ ճանապարհ, կա լուսավոր Հայաստան, ես տոմսեր ունեմ՝ այսօր գնալու եմ Ստրասբուրգ: Ես գնալու եմ ու այնտեղի ամբողջ 47 պետությունների պատվիրակների մոտ խոսելու եմ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում, որ դեսպաններ, պատվիրակներ գան, որ ուժ չկիրառվի մեր ժողովրդի առաջ: Երրորդ ճանապարհի հետ կապված՝ ովքեր ուզեն, կխոսենք իրենց հետ, ովքեր չուզեն, իրենց պատասխանատվության հարցն է»,- հայտարարեց Է. Մարուքյանը: