
Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը վարչապետ Սերժ Սարգսյանին.
«Ձերդ Գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և անցած փետրվարին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի ստորագրմամբ:
Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում, մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենսդրությանը համապատասխան:
Վերջում, մենք ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանը Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության և բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում»: