ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Հայաստանի ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ողջունել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը: Հայտարարության մեջ ասված է.
«Ողջունում ենք ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար: Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել:
Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով:
Այս հեռանկարը մենք իրական ենք համարում: Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներով ու ռիսկերով. խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար»: