Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Հայաստանի շախմատի հավաքականը որևէ առնչություն չունի ֆեյսբուքյան Armenian National Chess Team էջի և դրա կողմից տարածվող լուրերի հետ:
Ավելի վաղ «ՀՀ Շախմատի ֆեդերացիան հերքում է տվյալ լուրը» մեկնաբանությամբ նշված էջում տեղադրվել էր «Արմենպրես»-ի «Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայլերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին» վերտառությամբ նյութը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասաց. «Մենք արդեն մեր հայտարարությունն արել ենք և ասել ենք այն, ինչ մտածում ենք: Այդ էջում տեղադրված հայտարարությունն իրականության հետ կապ չունի»:
Նախօրեին Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել էին Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել նրան, ինչպես նաև հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
Հայտարարության տակ ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: