«Կողմերը պետք է փորձեն կոմպրոմիսային ելքեր փնտրել». Լուկիանով

«Կոմպրոմիսների ու ելքերի հնարավորություն միշտ կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Երևանում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հետևում է Երևանում տիրող իրավիճակին՝ հույսով, որ իշխանությունը և փողոցում տեղի ունեցող զարգացումների նախաձեռնող գործիչը համաձայնության կգան: Ըստ նրա՝ կարևոր է, որպեսզի այս իրավիճակում կողմերը սկսեն երկխոսել՝ խուսափելով բախումներից, քանի որ փողոցային ակցիաները օր օրի ավելի մարդաշատ են դառնում:

«Այս տեսանկյունից ողջունում եմ ՀՀ նախագահի երկխոսության առաջարկը, հուսով եմ, որ ընդդիմությունը դրան համարժեք պատասխան կտա, քանի որ երկխոսությանն այլընտրանքը երկրի բնականոն կյանքի արգելափակումն է: Պետք է հասկանալ նաև, որ հեղափոխությունը հեշտ պրոցես չէ, այդ գործընթացը հաղթահարելու համար երկրին անհրաժեշտ են լինում նույնիսկ տասնյակ տարիներ, որը փոքր-ինչ բարդ է Հայաստանի նման երկրի համար, որը բարդ արտաքին քաղաքական խնդիրներ ունի հարևանների հետ»,- ասաց Լուկիանովը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը բանակցություններն ու զիջումներն են: Ռուս քաղաքագետը նշեց, որ, հաշվի առնելով երկրում առկա դժգոհությունները, կարելի է ասել, որ հեղափոխություն տեսականորեն հնարավոր է, բայց դրա հետևանքները ևս պետք է նախապես հաշվարկված լինեն:

«Դա, կրկնում եմ, հեշտ գործընթաց չէ»,- պնդեց քաղաքագետը: Ուստի, նրա խոսքով, պետք է փորձել կոմպրոմիսային ելքեր փնտրել բանակցությունների միջոցով:

Հարցին, թե ինչպիսի՞ կոմպրոմիսներ կարող է անել իշխանությունը, Լուկիանովը դժվարացավ պատասխանել: «Ես շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ այդ ելքերը կան, կոմպրոմիսները կան, պարզապես պետք է կողմերը ցանկանան գնալ այդ քայլին»,- ասաց նա:

Լուկիանովն ասաց, որ չլուծված հակամարտություն ունեցող երկիրն իրեն չի կարող երկարատև անցումային փուլեր թույլ տալ: «Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ՝ ելքը կգտնվի: Մոսկվան խաղաղ հանգուցալուծման կողմնակիցն է»,- նկատեց նա:

Անդրադառնալով կարծիքներին, որ շնորհավորելով Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում Մոսկվան իր աջակցությունը ցույց տվեց Սարգսյանի իշխանությանը, Լուկիանովն ասաց, որ՝ անկախ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից, այդ շնորհավորանքը պետք է լիներ:

«Մոսկվան գործող իշխանությունների հետ արդյունավետ է աշխատում, բայց առանձահատուկ նախընտրություններ չունի, չի միջամտի իրավիճակին: Մոսկվային հարմար է աշխատել խելացի իշխանությունների հետ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս