Ովքեր եբ 2018 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ
Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է 2018 թվականի «100 ամենաազդեցիկ մարդկանց» ամենամյա ցուցակը, որում այս անգամ Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն հայտնվել: Ցուցակը զետեղված է հրատարակության կայքում։
Հեղինակավոր հանդեսը «Առաջնորդներ» կատեգորիայում ներառել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին եւ նրա հարսնացուին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
2014-ից մինչեւ 2017 թվականները հրատարակության ցուցակներում հիշատակվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն այս տարի հանդեսի խմբագրությունը նրան չի ներառել: Մարզիկները, բիզնեսմենները եւ մշակույթի գործիչները տեղ են զբաղեցրել «Արտիստներ», «Կուռքեր» եւ «Տիտաններ» կատեգորիաներում: Ըստ հանդեսի վարկածի, այս կատեգորիաներում 2018 թվականին առավել ազդեցիկ մարդիկ են դարձել դերասանուհի Նիկոլ Քիդմանը, ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն, հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, երգչուհի Ռիհաննան եւ Ջենիֆեր Լոպեսը, ձեռնարկատեր Իլոն Մասքը, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը:
«Ռահվիրաներ» կատեգորիայում տարվա առավել ազդեցիկ մարդիկ են հայտարարվել Միջազգային տիեզերակայանի կին-հրամանատար Փեգի Ուիթսոնը եւ սնոուբորդի ամենաերիտասարդ ամերիկացի օլիմպիական չեմպիոն Քլոյա Կիմը: Time-ն «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» վարկանիշն առաջին անգամ հրապարակել է 1999 թվականին: Ինչպես պարզաբանում են հանդեսի ներկայացուցիչները, ցուցակում, որպես կանոն, ներառվում են այն մարդիկ, որոնք առավել մեծ ազդեցություն են գործում աշխարհի իրադրության վրա:
Դրանում ընդգրկվում են նաեւ տարբեր կազմակերպություններ, միավորումներ եւ հավաքական կերպարներ: Խմբագրության կողմից աշխարհի ամենազդեցիկ մարդկանց ընտրությունը կարող է զգալիորեն տարբերվել ընթերցողների կարծիքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: