
Ճապոնիան հատուկ վճար է սահմանում երկրից մեկնումների համար

Ճանապարհորդները, որոնք Ճապոնիայից մեկնում են ծովային կամ օդային տրանսպորտով, 2019 թվականի հունվարի 7-ից արտագնա տուրք են վճարելու 1000 իենի չափով (9 դոլար): Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: «Արտագնա տուրքը» սահմանվում է երկիր զբոսաշրջիկների աճող ներհոսքի եւ 2020 թվականիg պլանավորված Օլիմպիական խաղերի պատճառով:
Միջոցները կծախսվեն ենթակառուցվածքի ստեղծման եւ տուրիստական ծառայությունների որակի ու տեսականու բարելավման համար: Տուրքը վերաբերելու է բոլոր այն ճանապարհորդներին, որոնք Ճապոնիայից մեկնում են օդային կամ ծովային փոխադրամիջոցով: Վճարումն ինքնաբերաբար կներառվի տոմսերի արժեքի մեջ:
Արտագնա տուրքի վճարումից կազատվեն մինչեւ 2 տարեկան երեխաները եւ տարանցիկ ուղեւորները, որոնք Ճապոնիայից մեկնում են ժամանման պահից 24 ժամվա ընթացքում:
Ինչպես սպասվում է, նոր հարկից դրամամուտքերը կկարողանան երկրի բյուջեին բերել տարեկան մոտավորապես 43 մլն իեն (շուրջ 350 մլն դոլար): 2020 թվականին Ճապոնիան ակնկալում է ընդունել 40 մլն օտարերկրյա զբոսաշրջիկների, 2030 թվականին՝ արդեն 60 մլն մարդ: 2017 թվականին երկիր էին այցելել 28,7 մլն արտասահմանցի հյուրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: