Ինչո՞ւ «Հանուն Հայաստան պետության» ճակատի լիդերները հարթակում չեն. պարզաբանում է Պետրոս Մակեյանը

«Դրական պրոցես է գնում, դա անզեն աչքով նկատվում է, ու զուգահեռաբար՝ նույն համաչափությամբ բարձրանում է ոստիկանության սանձարձակությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այս օրերին ընթացող զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով՝ ուժերն արդեն անհամաչափ են, և իշխանություններն արդեն սկսել են «խուժանի» ներգրավել մարդկանց առևանգելու համար: Խոսելով այն մասին, թե ո՞ւր է տանում այս գործընթացը՝ Պ. Մակեյանն ասաց, որ երկու ճանապարհ կա. «Մի ճանապարհն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ ինքն այստեղ այլևս անելիք չունի, և խելոք հրաժարական տա, ու ՀՀԿ բանդան դուրս գա հայկական օրակարգից: Երկրորդ ճանապարհն այն է, որ նորից լինի Մարտի 1, որը և՛ իրենց վերջը կլինի, և՛ մեր պետության վերջը կլինի, և՛ Ղարաբաղի»:

Հարցին՝ ձեր ճակատն ինչքանո՞վ է ներգրավված այս գործընթացին՝ հաշվի առնելով, որ դուք մասնակցում եք երթերին, հանրահավաքներին, սակայն երբեք ելույթներ չեք ունենում՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց.

«Այսօր ճակատն արդեն հայտարարություն է տարածել: Ճակատն ընդգրկված է ամենամեծ ֆորմատով: «Սասնա ծռերի» հարազատներն արդեն լույս են տեսնում, որ այս բանդան եթե հեռանա, տղաները կազատագրվեն: Ես տեսնում եմ «Սասնա ծռերի» ոչ թե՝ հարյուրավոր, այլ՝ հազարավոր ընտանիքների, բարեկամների, հարազատների, ընկերների, որոնք մասնակցում են այս գործընթացին, ներգրավված են, որովհետև այլ լույս չկա: Այստեղ ոչ միայն տղաների խնդիրն է, այլ ընդհանրապես լույս է բացվել, ճակատը ո՞նց կարող է չմասնակցել: Ուրիշ հարց է, որ տեխնիկական խնդիրներ կան: Ես ասել եմ՝ մենք մի ամիս ելույթներ ունեցել ենք, ծրագիրը հրապարակել ենք, հիմա լրացուցիչ ասելու բան եթե գտնեն շարժման ուժերը, մենք խնդիր չենք տեսնում»:

Մեր ճշտող հարցին՝ դուք ներգրավվա՞ծ եք կազմակերպչական հարցերը որոշելու գործընթացում, Պ. Մակեյանը պատասխանեց, որ որտեղ ժողովուրդը հավաքվում է, իրենք մասնակցում են:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի և մյուս կազմակերպիչների հետ բանակցո՞ւմ եք գործողություններ իրականացնելու վերաբերյալ, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Չէ: Ինչպես ինքն ասաց, ցանցային պրոցես է գնում, որտեղ ժողովուրդը պրոցես է տանում, մենք աջակցում և մասնակցում ենք, իսկ կոնկրետ բակացություններ, քննարկումներ Նիկոլենց հետ չի եղել»:

Մեր դիտարկմանը, թե մենք տեսնում ենք, որ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամներն ակտիվ մասնակցում են այդ կազմակերպչական հարցերին, ելույթներ են ունենում՝ Պ. Մակեյանն այսպես արձագանքեց. «Դուք գիտե՞ք, որ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության կոորդինատորները և մնացածը ճակատի հիմնադիր անդամներ են: Այսինքն՝ իրենք որպես նաև ճակատի անդամներ են հանդես գալիս՝ և՛ Դավիթ Սանասարյանը, և՛ Արմեն Գրիգորյանը, և՛ Լևոն Բարսեղյանը»:

Տեսանյութեր

Լրահոս