Apple-ը AppStore-ից ջնջել է նկարները թաքցնող հավելվածը
AppStore-ից ջնջվել է Calculator% հավելվածը: Այս հավելվածը թույլ էր տալիս օգտատերերին թաքցնել անձնական լուսանկարներն ու տեսանյութերը գաղտնի թղթապանակում, որն ուներ սովորական հաշվիչի տեսք:
Այս հավելվածը կարճ ժամանակում մեծ տարածում գտավ՝ հատկապես երիտասարդների շրջանում: Դեռահասները հավելվածի միջոցով ծնողներից, ուսուցիչներից և ընկերներից թաքցնում էին գաղտնի կոնտենտը:
AppStore-ում կան մի շարք հավելվածներ, որոնք առաջարկում են նմանատիպ գործառույթներ, սակայն այս հավելվածն աչքի ընկավ նրանով, որ դրա դեմ խոսեցին Դարեմ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:
«Մենք կոչ ենք անում ծնողներին ուշադիր լինել և թույլ չտալ երեխաներին օգտագործել այդ հավելվածը»,- հայտնել են ոստիկանությունում:
Հավելվածը, որը մի քանի տարի հասանելի էր AppStore-ում, առաջին անգամը չէ, որ դժգոհություններ է առաջացնում: 2015 թվականին Ալաբամա նահանգի ղեկավարը Facebook-ում գրառում էր արել հավելվածի վտանգավորության մասին: Calculator%-ը երկար ժամանակ համարվել է ամենավտանգավոր հավելվածներից մեկը, քանի որ կարող է սեփական նպատակների համար օգտագործել օգտատերերի լուսանկարները:
Հաշվի առնելով հավելվածի շուրջ աղմուկն ու հավելվածի վտանգավորությունը՝ Apple-ը որոշել է ջնջել այն AppStore-ից:
Սիրարփի Աղաբաբյան