
Սի Ցզինպինը ծրագրում է այցելել ԿԺԴՀ. CNN

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պլանավորում է այց կատարել ԿԺԴՀ: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուր, որը ծանոթ է Պեկինի եւ Փհենյանի միջեւ անցկացվող քննարկումների բովանդակությանը:
ՉԺՀ-ի նախագահի ուղեւորությունը Փհենյան պետք է պատասխան այց դառնա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ մարտին Չինաստան կատարած այցելությունից հետո:
CNN-ի տվյալներով՝ Չինաստանի ղեկավարի այցը ԿԺԴՀ, նախնական տեղեկությունների համաձայն, կարող է տեղի ունենալ հունիսին: Այսպիսով՝ Փհենյան Սի Ցզինպինի ուղեւորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի բանակցություններից հետո, որոնք կարող են անցկացվել մայիսին կամ հունիսի սկզբին:
Հեռուստաալիքը նշում է, որ Սի Ցզինպինի այցը կարող է նախորդել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովին, եթե Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամկետները հետաձգվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: