«Վարչապետից՝ նախագահ, նախագահից՝ նախագահ, հիմա նախագահից՝ նորից վարչապետ, էս դեժավյուից չե՞ք հոգնել». Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քվեարկության է դրվելու վարչապետի թեկնածուի հարցը, հիշեցրեց իր եղբոր` Վազգեն Սարգսյանի խոսքը՝ «21-րդ դարը մերն է լինելու», որը զարգացող Հայաստան ունենալու կոչ է:

«Արդյո՞ք էն Հայաստանը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր: Վազգեն Սարգսյանը 96 թ.-ից հետո հետևություններ արեց, 1999 թ. ինքը մեկ տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին 2 ամսով խնդրեց իր հետ դաշինք կնքելու, որպեսզի կարողանա ԱԺ ընտրություններում ժողովրդի վստահությունն ու քվեն ստանալ: Ի՞նչ է անում այսօր Հանրապետական կուսակցությունը»,- հարցադրում արեց Ա.Սարգսյանը` նշելով, որ կարող են պնդել, թե կաշառք չեն տվել ընտրություններում, մերժել կոռուպցիան, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Նա հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանի խոսքերը` «գաղջ մթնոլորտը ցրել է պետք», և հարցադրում արեց` ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը, քանդվա՞ծ են անվստահության պատերը: Ըստ նրա` այդ անվստահության պատերն այս պահին ԱԺ շենքի առջև են, բայց որևէ մեկը չի խոսում այդ մասին, և այս դահլիճից դուրս Հայաստան չկա: Ա.Սարգսյանի խոսքով` Հայաստանը ելք ունի՝ և ԱԺ-ից դուրս, և ԱԺ-ում:

«Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Այ, էս է էսօրվա իրավիճակը,- ասաց Ա.Սարգսյանը և հարցադրում արեց,- Վարչապետից՝ նախագահ, նախագահից՝ նախագահ, հիմա նախագահից՝ նորից վարչապետ, էս դեժավյուից չե՞ք հոգնել»:

Ա.Սարգսյանը նշեց, որ իր համար ավելի համոզիչ էր Ս.Սարգսյանի ելույթը, որ երրորդ ժամկետի չի հավակնում, և իր տպավորությամբ` այժմ այս որոշումը երրորդ ժամկետ գնալու մասին՝ Ս.Սարգսյանը կայացրել է ոչ թե ՀՀԿ-ի պահանջով, այլ՝ որովհետև նրա եվրասիական գործընկերներից ոչ մեկը չի փոխվում, և համարում է, թե ոչ մեկից ինքը չի տարբերվում:

Ա.Սարգսյանը կոչ արեց կառավարական ամառանոցի տնից հրաժարվել, քանի որ Սարգսյանից հետո էլի վարչապետներ կլինեն:

Նա հայտարարեց, որ այսօր փողոցներում տեղի ունեցողը յուրաքանչյուրի մեղքն է, և ելք չկա միայն փողոցում, կամ միայն ԱԺ դահլիճում. «Հետևություն կանե՞նք սրանից, շատ լավ, հետևություն չե՞նք անի, նորից մարտի 1-եր, ապրիլի 12-ներ կրկնվելու են»:

Տեսանյութեր

Լրահոս