«Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը նոր թիմ կազմի ու մի երկու շաբաթում մաքրի դաշտը». Հովհաննես Իգիթյան
«Ես չեմ բացառում, որ մի օր Սերժ Սարգսյանը, ինչպես դրսից Արմեն Սարգսյանին է բերել, ևս մի քանի հոգի բերի, թիմ կազմի, և ինչպես ժամանակին Սինգապուրի վարչապետը, մի երկու շաբաթում մաքրի դաշտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Հարցին՝ այդ կամքը տեսնո՞ւմ եք, Հ. Իգիթյանն այսպես պատասխանեց. «Կամքը թելադրվում է՝ անելանելի իրավիճակներով: Իրոք, Հայաստանը կարող է լինել մի կոլապսի կամ պատերազմի շեմին, որ ցանկացած մարդ պետք է քայլ անի: Քայլերից մեկը կարող է սա լինել, որովհետև այն թիմը, որն ունի Սերժ Սարգսյանը, դա այն թիմը չէ, որը կարող է միտք ծնել և Հայաստանը տանել հայկական հրաշքի: Ի վերջո, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը Լուսնից է եկել, մենք Սերժ Սարգսյանին ճանաչում ենք:
Սերժ Սարգսյանին բոլոր 3 նախագահները պաշտոն են տվել: Ես հիշում եմ իր այն ժամանակվա վերլուծականները, որոնք շատ հետաքրքիր էին: Այն ժամանակ Հայաստանը վատ իրավիճակում էր, երբ ինքը եղել է Անվտանգության նախարար: Ինքը վերլուծում էր իրավիճակը: Ես չեմ կարծում, որ իր վերլուծական կարողություններն այս ընթացքում այնքան են դեգրադացիայի ենթարկվել, որ ինքը հանուն մի կտոր հողի՝ պատրաստ է պետությունը կործանել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: