
«Հարցն այն է, թե արդյոք հասարակությունն այս խնդրի իրականացումը կապո՞ւմ է այս մարդկանց, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանի հետ». Հովհաննես Իգիթյան

«ՀՀ-ում բոլորը հասկանում են, որ քաղաքական հաջողության հնարավոր չէ հասնել՝ չունենալով հասարակության ցանկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընդդիմադիր ուժերի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող բողոքի ակցիաների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Նա չգիտի՝ ինչն է պատճառը, որ այսօր հասարակությունը պասիվ է. «Իհարկե, հասարակության զգալի մեծամասնությունը դեմ է, որ այս ձևով վերարտադրությունը գնա: Ուրիշ հարց է, որ հասարակությունն այս ակցիաների հետ չի կապում հնարավոր դրական արդյունքը, որովհետև վերջին ժամանակաշրջանում շատ խնդիրներ են դրվել հասարակության առաջ, և հասարակությունը գնացել է այդ խնդիրների լուծման հետևից, դուրս է եկել փողոց, և վերջում կա՛մ քաղաքական առաջնորդներն օգնում էին, կա՛մ իշխանությունը բռնի ձևերով թույլ չէր տալիս, որ դա իրականանա»:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ժողովրդին տուն չեն ուղարկելու՝ Հ. Իգիթյանն այսպես պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պառլամենտում ներկայացված ընդդիմություն է, որը ներկայացնում է այն, ինչ նախընտրական ժամանակ ասել է:
Ինքը փորձում է հասարակության հետ լուծել այս հարցը, որովհետև խորհրդարանում ունենալով փոքր քանակով պատգամավորներ՝ հնարավոր չէ ոչ մի բան անել: Հարցն այն չէ, թե մեր հասարակության ո՞ր տոկոսը չի ուզում, որ կյանքն այսպես շարունակվի, և Սերժ Սարգսյանն իշխի, հարցն այն է, թե արդյոք հասարակությունն այս խնդրի իրականացումը կապո՞ւմ է այս մարդկանց, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանի հետ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: